«Անկախ դիտորդ» դաշինքը դատարան է դիմում՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Այս մասին ֆոյսբուքյան իր էջում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նա հայտնել է, որ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ:
Դաշինքը նաև դիմում է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով իրավական գնահատական տալ ապրիլին Գյումրիում և Երևանում կայացած համերգների ֆինանսավորմանը։
«Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով»,- հայտնել է Իոաննիսյանը։
Դաշինքը նաև ուսումնասիրում է ջահերով երթի համար ուղղվող ֆինանսավորման փաստերը։
«Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»,- գրել է Իոաննիսյանը։












