Գլխավոր Լրահոս

«Անկախ դիտորդը» մտահոգություն է հայտնում ընտրություններից առաջ թեկնածուների ձերբակալությունների կապակցությամբ

«Անկախ դիտորդը» մտահոգություն է հայտնում ընտրություններից առաջ թեկնածուների ձերբակալությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը մտահոգություն է հայտնել թեկնածուների ձերբակալությունների և իրավապահ մարմինների գործողությունների թափանցիկության պակասի կապակցությամբ։

Դիտորդական դաշինքը նշում է, որ դեռևս կուսակցությունների առաջադրման և քարոզարշավի սկզբնական փուլերում իրավապահների որոշ գործողություններ, որոնք անմիջականորեն կապված չեն եղել ընտրական գործընթացների հետ, ընկալվել են որպես ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ անուղղակի ճնշում։

Միաժամանակ, դաշինքը դատապարտել է ընտրակաշառքի, ընտրական հիմնադրամից դուրս քարոզչական ծախսերի և կոռուպցիոն պայմանավորվածությունների ցանկացած փորձ՝ անկախ քաղաքական ուժից։

«Անհրաժեշտ է ապահովել հաշվետվողական և թափանցիկ այնպիսի իրավական գործընթաց, որը չի թողնի քաղաքական հետապնդման կամ ընտրություններում միջամտության տպավորություն»,- ասվում է հայտարարությունում։

«Անկախ դիտորդի» գնահատմամբ՝ նույնիսկ հիմնավորված քրեական հետապնդումը, եթե իրականացվում է առանց բավարար թափանցիկության, կարող է բացասաբար ազդել ընտրողների և թեկնածուների վրա՝ խոչընդոտելով քաղաքական գործընթացները։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հոկտեմբերի 24-ին հայտնել են, որ Հայաստանի մի շարք համայնքներում ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով իրականացվում են քննչական գործողություններ։ Կան ձերբակալվածներ։

Հոկտեմբերի 24-ի առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և նրա մի շարք թիմակիցներ։ Նույն օրը՝ «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանն էլ «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ իրենց թիմակիցներից կան բերման ենթարկվածներ։

Ընտրություններից օրեր առաջ ձերբակալություններ են իրականացվել նաև Ստեփանավանում։ Հոկտեմբերի 21-ին ընտրակաշառքի գործով ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, որը կալանավորվել է երկու ամսով։

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրները բարձրաձայնել են նաև քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատումների և վարչական ճնշումների մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում