Գևորգ Թոսունյան
«Թակարդից պետք է դուրս գալ». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության հետապնդման մասին հարցին։
Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցած պատերազմական հանցագործություններին և Ադրբեջանի պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր պատժին, կարևորեց խնդիրներին «մաքսիմալ շիտակությամբ» մոտենալու անհրաժեշտությունը։
ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ նա նշեց՝ հայ գերիների գնդակահարության և կանանց խոշտանգումների փաստերը որևէ մեկը չի ժխտում, սակայն հարցի լուծումը պահանջում է ավելի լայն հայացք։
«Ես համաձայն չեմ, որ մենք հիմա՝ ես ու դուք, իրար աչքերի մեջ նայենք և իրար խաբենք, ու առավել ևս՝ խաբենք մեր ժողովրդին, որովհետև դա երկսայրի սուր է: Այդ խոսույթները հիմա գոյություն ունեն, և փաստերը որևէ մեկը չի ժխտում, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում, և հենց դա է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ»,- ասաց նա։
Վարչապետն ասաց, թե «այդ թակարդից պետք է դուրս գալ». «Եվ մենք դուրս ենք գալիս այդ թակարդից: Մենք ամեն մեկս մեր յուղի մեջ պետք է տապակվենք, բայց մենք պետք է մեր պետությունը, մեր սերունդներին ազատենք այդ հոգսից»։ Նրա խոսքով՝ «ինչքան մենք ենք մեղադրում Ադրբեջանին, այնքան մեզ են մեղադրում»:
«Ինչո՞ւ է ձեզ թվում, թե ձեր իմացած պատմությունը միակն է, և ուրիշ պատմություններ ուրիշ տեղերում չկան: Եթե դուք հիմա նայեք իմ աչքերի մեջ և ասեք, որ ո՛չ, չկան ուրիշ պատմություններ, առնվազն դա ազնիվ չի լինի»,- ասաց վարչապետը՝ արձագանքելով ՍիվիլՆեթի այն դիտարկմանը, որ 2022-ի սեպտեմբերյան պատերազմական գործողությունների ժամանակ հայ զինծառայողները չեն դրսևորել այնպիսի դաժանություն ու կատարել այնպիսի պատերազմական հանցագործություններ, ինչպես ադրբեջանցիները։ Փաշինյանն ընդգծեց, որ խոսքը կոնֆլիկտի մասին է։
«Էլի եմ ասում՝ խոսքը ընդհանրապես կոնֆլիկտի մասին է, որովհետև այդ ճանապարհներով գնալը նշանակում է ոտք դնել մի ուղու վրա, որտեղ պատերազմը և կոնֆլիկտը անխուսափելի են: Դա կոնֆլիկտը վերածնելու ճանապարհ է: Հիմա տարբեր կողմերից, այդ թվում՝ միջազգային որոշ գործող անձինք, այնպիսի հայրենասիրական ճառեր ու կոչեր են անում, որ նույնիսկ կարելի է հուզվել: Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ: Հերիք է պատմության կեսին նայենք. չենք կարող գրքի էջի կեսը փակել ու ասել՝ մենք միայն աջ կամ ձախ կողմն ենք կարդում, իսկ շարունակությունը՝ ոչ: Պետք է թուղթը հանել և կարդալ ամբողջ էջը: Մենք ունե՞ք այդ համարձակությունը. ես ունեմ այդ համարձակությունը»,- ամփոփեց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում՝ մինչև ընտրությունները, կառավարության ռազմավարական գործը լինելու է հենց այս նոր խոսույթի և իրականության ընկալման ձևավորումը։ Ըստ նրա՝ դրա նպատակն է պետությունը դուրս բերել տասնամյակներ տևող կոնֆլիկտային շղթայից։
. . .
2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների վրա Ադրբեջանի սանձազերծած ռազմական հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 200 հոգի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի կտորներ։Ադրբեջանը գերի էր վերցրել, խոշտանգել և սպանել մի շարք հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց, որոնք ենթարկվել են ամենազազրելի բարբարոսությունների, ներառյալ՝ սեռական բռնության, սպանության և անդամահաման։
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի գործած հանցագործությունների փաստերով Հայաստանը տասնյակ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ: Բացի այդ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցը Արցախի էթնիկ զտման վերաբերյալ։ Այս իրավական գործընթացները Հայաստանն ակտիվորեն առաջ էր մղում ընդհուպ մինչև 2023-ի Արցախի էթնիկ զտումը։
2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հռչակագրով, սակայն, կողմերը պարտավորվել են հետ կանչել կամ չեղարկել միջազգային հարթակներում միմյանց դեմ ներկայացված բոլոր միջպետական հայցերն ու բողոքները։ Ըստ փաստաթղթի՝ կողմերը նաև հրաժարվում են նոր իրավական վարույթներ նախաձեռնելուց կամ երրորդ կողմերի ներկայացրած հայցերին որևէ կերպ ներգրավվելուց։












