Գլխավոր Լրահոս

Գերիների հարցով երրորդ երկրներին ասել են․ «Հեռու խաղացեք», ուզու՞մ եք դառն իրականությունը՝ սա է․ Միրզոյան

Գերիների հարցով երրորդ երկրներին ասել են․ «Հեռու խաղացեք», ուզու՞մ եք դառն իրականությունը՝ սա է․ Միրզոյան

Հայաստանը դիմել է գործընկեր պետություններին՝ Բաքվում պահվող հայերին տեսակցություններ ապահովելու հարցով, սակայն այդ փորձերն արդյունք չեն տվել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Խնդրել ենք, դիմել ենք, և իրենց ասել են՝ գործ չունեք այդ հարցի շուրջ։ Ուզո՞ւմ եք դառը իրականությունը, էս ա։ Մենք ստեղ ունենք ճանապարհ, աշխատում ենք այդ ուղղությամբ, և այդ ճանապարհը ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ գերիների վերադարձը Հայաստանի մշտական օրակարգում է, սակայն ինքը չի ցանկանում անընդհատ խոսել կատարվող աշխատանքներից, քանի դեռ դրանք արդյունք չեն տվել։

«Դա մեր մշտական օրակարգի մասն է, բայց ինչի՞ չեմ սիրում դա անընդհատ ասել, որովհետև այնքան զգայուն հարց է՝ կամ արդյունք կա, կամ չկա»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ այս հարցում կատարված աշխատանքի ծավալը նշանակություն չունի, եթե պահվող անձինք ազատ չեն արձակվում։

«Հիմա արդյունքը այստեղ շատ կոնկրետ է և չափելի՝ պահվող անձն ազատ արձակվում է, թե չէ»,- ընդգծել է Միրզոյանը։

Նախարարը նշել է, որ վերջին ազատ արձակումներից հետո հայկական կողմը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել, սակայն դրանց մի մասի մասին չի ցանկանում հրապարակայնորեն խոսել։

«Դրանից հետո շատ բան ենք արել, արել ենք բաներ, որոնք այս ամբիոնից կարող եմ ասել, արել ենք բաներ, որոնք այս ամբիոնից չէի ուզի ասել, որովհետև այլ երկրների անուններ պիտի տամ և նրանց վատ դրության մեջ գուցե դնեմ»,- հայտարարել է նա։

Միրզոյանի խոսքով՝ որոշ տեղեկությունների հրապարակումը կարող է վնասել Հայաստանի միջազգային հարաբերություններին։ Բացի այդ, հայկական կողմը դեռ շարունակելու է աշխատել այն պետությունների հետ, որոնց դիմել է։

«Դիմել ենք, չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տամ, որովհետև հլը աշխատելու ենք այդ երկրների հետ։ Չի ստացվում երրորդ երկրներով»,- ասել է նախարարը։

Նա քննադատել է այն պնդումները, թե գոյություն ունեն երրորդ երկրների միջոցով խնդիրը լուծելու հնարավորություններ, որոնցից Հայաստանը չի օգտվում։

Միրզոյանը որպես պայմանական օրինակ հիշատակել է Մադագասկարը՝ բացատրելով, որ հայկական կողմին առաջարկում են դիմել որևէ երրորդ երկրի, որպեսզի այն այցելի Ադրբեջանում պահվող հայերին կամ միջնորդի նրանց ազատ արձակման հարցում։

Նրա խոսքով՝ հայկական կողմն արդեն փորձել է օգտագործել նման հնարավորությունները, սակայն հաջողության չի հասել։

Բաքվում պահվում է 19 հայ

Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Նրանց թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և այլ նախկին պաշտոնյաներ։

Վերջին անգամ հայաստան է վերադարձել չորս գերի՝ 2026-ի հունվարի 14-ին։ Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։

Մինչ նրանց վերադարձը Ադրբեջանում պահվում էր 23 հայ՝ ըստ հրապարակված պաշտոնական տվյալների։

Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ նախորդ տարիներին Հայաստան է վերադարձել ավելի քան 200 գերի։

Կարմիր խաչի այցելությունները և երրորդ երկրների ներգրավման հարցը

2025-ի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փակել էր իր ներկայացուցչությունը Բաքվում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ կազմակերպության ներկայացուցիչները 2025-ի դեկտեմբերի 24-25-ին այցելել են Ադրբեջանում հակամարտության առնչությամբ պահվող անձանց։

Այցի ընթացքում նրանք գնահատել են պահման պայմանները, պահվողների առողջական վիճակն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը։ Պահվողներին նաև հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքների հետ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված էր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում։

Չնայած հետագա տարիներին տեղի ունեցած վերադարձներին՝ Ադրբեջանում շարունակում են պահվել հայեր։ Հայաստանի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ նրանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ Երևանի և Բաքվի բանակցությունների օրակարգում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում