Թաց անձեռոցիկների մեջ ՄԻԱՎ ներարկելու մասին պնդումները անհիմն են

Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, թե իբր անհայտ անձինք ներարկիչներով նյութ են սրսկում զուգարանի թղթի ու թաց անձեռոցիկների մեջ՝ մարդկանց ՄԻԱՎ-ով վարակելու նպատակով։

Տեսանյութը ապրիլի 14-ին տարածել է հայ բլոգեր, որը պնդում է, թե պահեստներում մարդիկ ներարկիչներով կամ սրվակներով ինչ-որ նյութեր են սրսկում թղթե արտադրանքի մեջ՝ նպատակ ունենալով մարդկանց վարակել։ Նա նաև նշում է, թե դա կարող է արվել «չարությունից» կամ մարդկանց ստիպելու համար հետագայում գումար ծախսել բուժման վրա։ Տեսանյութում հնչում է նաև կոչ՝ խուսափել հանրային զուգարաններից, եթե այնտեղ նկատվում են վնասված զուգարանի թուղթ կամ չորացած թաց անձեռոցիկներ։
Տեսանյութում բլոգերը ցույց է տալիս նաև կադրեր, որտեղ բացվում են թաց անձեռոցիկների տուփեր․ դրանց մեջ եղած անձեռոցիկները չորացած են, իսկ որոշ դեպքերում երևում են նաև բորբոսի հետքեր։ Այս կադրերը ներկայացվում են որպես ենթադրյալ «ապացույց»՝ վերոնշյալ պնդումների օգտին։
Կարճ տեսանյութը (Reel) միայն ինստագրամում արդեն ունի շուրջ 2600 հավանում ու 143 տարածում։
Մինչդեռ լայն տարածում ստացած այս տեսանյութում ներկայացված պնդումները անհիմն են և հակասում են գիտական տվյալներին։
ՄԻԱՎ-ը չափազանց զգայուն է արտաքին միջավայրի նկատմամբ
ՄԻԱՎ-ը (Մարդու Իմունային Անբավարարության Վիրուս) վիրուս է, որը հարվածում է օրգանիզմի իմունային համակարգին՝ թուլացնելով պայքարը վարակների և հիվանդությունների դեմ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ՄԻԱՎ-ով վարակվելու համար անհրաժեշտ է, որ վիրուս պարունակող կենսաբանական հեղուկները՝ արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտադրուկը կամ կրծքի կաթը, ներթափանցեն մարդու օրգանիզմ՝ լորձաթաղանթների, վնասված մաշկի կամ անմիջապես արյան հոսքի միջոցով։ Վիրուսը կարող է փոխանցվել նաև մորից երեխային՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ընթացքում։
Գիտական տվյալները ցույց են տալիս, որ ՄԻԱՎ-ը արտաքին միջավայրում երկար չի պահպանվում և արագ կորցնում է վարակելիությունը։
Օրինակ՝ ամերիկյան Healthline-ի հրապարակման համաձայն՝ օդի հետ շփման արդյունքում վիրուսն արագորեն վնասվում է և դառնում ոչ ակտիվ։ Ոչ ակտիվ վիճակում այն այլևս չի կարող վարակ առաջացնել։
Նույնը փաստում է նաև WebMD-ը՝ նշելով, որ երբ ՄԻԱՎ պարունակող հեղուկը հայտնվում է մակերեսի վրա և սկսում է չորանալ, վիրուսի վարակիչությունը կտրուկ նվազում է՝ մի քանի ժամվա ընթացքում նվազելով մինչև 90-99%։ Սա նշանակում է, որ չորացած հետքերով վարակվելու ռիսկը չափազանց ցածր է, քանի որ այդ պայմաններում վիրուսն արագ կորցնում է կենսունակությունը։
Ըստ հոդվածի՝ միակ պարագան, երբ ՄԻԱՎ-ը կարող է համեմատաբար երկար պահպանվել, օգտագործված ներարկիչի ներսն է, որտեղ արյունը որոշ չափով պաշտպանված է արտաքին միջավայրից։ Սակայն նույնիսկ այս դեպքում խոսքը վերաբերում է ներերակային ուղիղ փոխանցմանը, այլ ոչ թե մակերեսային շփմանը։
ՄԻԱՎ-ի բուժումը Հայաստանում և աշխարհում
Տեսանյութում հնչող պնդումը, թե մարդկանց կարող են դիտավորյալ վարակել՝ հետագայում բուժման վրա գումար ծախսելու համար, չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու բուժումն իրականացվում են պետական ծրագրերով և անվճար են։ Ըստ առողջապահության նախարարի հրամանի՝ անվճար են թեստավորումը, խորհրդատվությունը, հակառետրովիրուսային բուժումը, հիվանդանոցային օգնությունը, ինչպես նաև հղիների և նորածինների կանխարգելիչ միջոցառումները։
Աշխարհում ևս ՄԻԱՎ-ի բուժումը լայնորեն հասանելի է․ շատ երկրներում այն տրամադրվում է անվճար կամ սուբսիդավորվում է պետությունների և միջազգային ծրագրերի միջոցով։ Ըստ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի՝ ՄԻԱՎ-ի բուժումը և կանխարգելումը համարվում են հանրային առողջության առաջնահերթություն, և բազմաթիվ երկրներում հասանելի են նաև թեստավորումն ու կանխարգելիչ ծառայությունները։
Տեսանյութում երևացող չոր անձեռոցիկները
Բլոգերի տեսանյութում երևացող կադրերը, որտեղ մարդիկ բացում են թաց անձեռոցիկների տուփեր և ներսում գտնում չորացած անձեռոցիկներ, լայն տարածում են ստացել սոցցանցերում՝ տարբեր լեզուներով։ Այդ տեսանյութերի բովանդակությունը հիմնականում նույնն է․ օգտատերերը ցույց են տալիս, որ բացված տուփերում անձեռոցիկները չորացած են, երբեմն նաև՝ բորբոսով։
Հենց տեսանյութերում նշվում է, որ նման դեպքերը սովորաբար բացատրվում են արտադրական կամ պահպանման խնդիրներով․ օրինակ՝ փաթեթավորման հերմետիկության խախտմամբ, որի հետևանքով խոնավությունը կորում է և կարող են առաջանալ բորբոսի հետքեր։
Միևնույն ժամանակ, այդ տեսանյութերում նշվում է, թե «որոշ մարդիկ կարծում են», որ տուփերը կարող են դիտավորյալ վնասվել կամ ծակվել ներարկիչներով՝ վարակ տարածելու նպատակով։
Հատկանշական է, որ, ի տարբերություն հայ բլոգերի տարածած տեսանյութի, այս բովանդակությունում ՄԻԱՎ-ի մասին որևէ կոնկրետ պնդում չի արվում․ խոսքը ներկայացվում է որպես շրջանառվող կարծիք, այլ ոչ թե հաստատված փաստ։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck










