Գլխավոր Լրահոս

Կեղծ ներդրումային հարթակներ՝ Սուքիասյանի և Ծառուկյանի դիփֆեյք տեսանյութերով

Կեղծ ներդրումային հարթակներ՝ Սուքիասյանի և Ծառուկյանի դիփֆեյք տեսանյութերով

Սոցցանցերում տարածվում են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեսանյութեր, որոնք իրականում ստեղծված են արհեստական բանականության միջոցով։

Տեսանյութերից մեկում Սուքիասյանը իբր գովազդում է արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող հարթակ։ Ըստ տեսանյութի՝ հարթակի միջոցով հնարավոր է շաբաթական վաստակել 300-600 հազար դրամ։

«Ես և իմ ընտանիքը գումար ենք աշխատում WhatsApp AI հարթակի միջոցով։ [...]  Ոչ մի գրասենյակ, ոչ մի հանդիպում, ոչ մի տոկոս բանկինամբողջը մնում է քեզ։ Արհեստական բանականությունը շաբաթը յոթ, օրը 24 ժամ ինքնուրույն է վերլուծում է շուկան և տալիս է ճիշտ ազդակներ»,- տեսանյութում ռուսերենով իբր ասում է Սուքիասյանը։

Մեկ այլ տեսանյութում Գագիկ Ծառուկյանն իբր գովազդում է «Ameria AI» անվանումով նմանատիպ հարթակ։

Այս տեսանյութերը դիփֆեյք են․ դրանցում օգտագործվել են հայտնի անձանց կերպարներն ու ձայները՝ օգտատերերի վստահությունը շահելու և նրանց կասկածելի ներդրումային հարթակներում գրանցվելու կամ գումար փոխանցելու դրդելու համար։

Ի՞նչ են պահանջում եկամուտ խոստացող հարթակում

Սուքիասյանի մասնակցությամբ գովազդային տեսանյութը տարածվում է Flaminia Gioielli ֆեյսբուքյան էջով։ Էջն ունի ընդամենը 48 հետևորդ։

Տեսանյութերը տանում են airevenueboosters[.]club կայք։ Այնտեղ գովազդվում է «WhatsApp AI — պասիվ եկամուտ առանց գրաֆիկների և բարդությունների» հարթակը։

Սակայն այս հարթակը որևէ կապ չունի «Մետա» ընկերության WhatsApp հավելվածի հետ։

Էկրանապատկերը՝ կայքից
Էկրանապատկերը՝ կայքից

Կայքում օգտատիրոջից պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Դրանից հետո նրան կապ է հաստատում ռուսախոս անձ, որը փորձում է համոզել կատարել սկզբնական ներդրում՝ խոստանալով հետագա եկամուտ։

Նման հարթակներում ներդրումներ կատարելը, սակայն, բարձր ռիսկային է։ Չկա որևէ երաշխիք, որ ներդրված գումարը կավելանա կամ ընդհանրապես կվերադարձվի, իսկ նման սխեմաները հաճախ օգտագործվում են օգտատերերին ֆինանսական կորուստների հասցնելու համար։

Ի՞նչ տեսանյութեր է տարածում ֆեյսբուքյան էջը. որտեղի՞ց է վերցված իրական տեսանյութը

Flaminia Gioielli ֆեյսբուքյան էջում հրապարակված են նաև այլ գովազդային տեսանյութեր։ Դրանցից մի քանիսում երևում է բլոգեր Արուս Գալստյանը (Արուսյա Կավկազ), որի մասնակցությամբ ևս գովազդվում է նույն հարթակը։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան էջից
Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան էջից

Սուքիասյանի տեսանյութի հիմքում օգտագործվել են 2021-ի մայիսին Հանրային հեռուստաընկերության «Առանց թեմայի» հաղորդման կադրերը։ Դրանք, սակայն, հետագայում արհեստական բանականության միջոցով փոփոխվել են։ Ի տարբերություն տարածվող տեսանյութի պնդումների՝ հաղորդման ընթացքում Սուքիասյանը որևէ ներդրումային հարթակ չի գովազդում, այլ խոսում է իր մասին։

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեսանյութը ստեղծվել է ԱԲ-ով

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեսանյութում պնդվում է, թե «Ameria AI» հարթակը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ բանկային գործարքներից։

Այս դեպքում տեսանյութն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականությամբ։ Նույնիսկ առանց հատուկ գործիքների նկատելի է, որ պատկերված դեմքը լիովին չի համապատասխանում Ծառուկյանի իրական արտաքինին։ ԱԲ բովանդակության հայտնաբերման գործիքները ևս ցույց են տալիս, որ տեսանյութը մեծ հավանականությամբ գեներացված է արհեստական բանականությամբ։

Էկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառությունը հայտնաբերող հարթակից
Էկրանապատկերը՝ ԱԲ-ի կիրառությունը հայտնաբերող հարթակից

Ե՛վ Խաչատուր Սուքիասյանի, և՛ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեսանյութերը ռուսերեն են՝ չնայած ակնհայտորեն թիրախավորում են հայկական լսարանին։

Այսպիսով, տեսանյութերը, որոնցում նրանք իբր գովազդում են եկամուտ խոստացող հարթակներ, կեղծ են և ստեղծված՝ օգտատերերին մոլորեցնելու նպատակով։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է հայտնի անձանց կերպարներով պատրաստված դիփֆեյք (deepfake) տեսանյութերին, որոնց միջոցով փորձում են օգտատերերին համոզել կատարել ներդրումներ կասկածելի հարթակներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում