Գլխավոր Լրահոս

Աննա Հակոբյանի ու «Արուսյա Կավկազի» դիփֆեյքերով տարածում են կեղծ ներդրումային հարթակ

Աննա Հակոբյանի ու «Արուսյա Կավկազի» դիփֆեյքերով տարածում են կեղծ ներդրումային հարթակ

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի և բլոգեր Արուս Գալստյանի մասնակցությամբ, որոնցում վերջիններս իբրև գովազդում են WhatsApp-ի կողմից ստեղծված հարթակ՝ գումար վաստակելու համար։ 

«Գրանցումը մի քանի րոպե է տևում, և մի քանի շաբաթից ես արդեն տեսա արդյունքը։ Սա հրաշք չէ, համակարգ է, որն իսկապես աշխատում է»,- տեսանյութերից մեկում ռուսերեն հայտարարում է Հակոբյանը՝ հավելելով, որ ամուսինը՝ Փաշինյանը, աջակցում է այս նախագծի զարգացմանը։  

Մինչդեռ սրանք արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյք (deepfake) տեսանյութեր են։ Իսկ հայտնի անձանց դեմքերն օգտագործվում են վստահություն ձեռք բերելու և մարդկանց դրդելու կասկածելի հարթակներում ներդրումներ անել։

Որտեղի՞ց են վերցված իրական տեսանյութերը

Տեսանյութերը տարածվում են «Ինֆորմացիա ուսպեխա» (Информация успеха) ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է 2021-ին։ Էջը ներկայում ութ դիփֆեյք տեսանյութ է գովազդի միջոցով տարածում՝ նույն «եկամուտ բերող» հարթակի վերաբերյալ։ Դրանցից վեցում օգտագործվում է Աննա Հակոբյանի կերպարը, երկուսում՝ բլոգեր «Արուսյա Կավկազի»։ Թեև տեսանյութերը թիրախավորում են հայկական լսարանին, դրանք ռուսերեն լեզվով են։ 

Ձայնի նմանակման համար կիրառվել են արհեստական բանականության գործիքներ, որոնք պատճենել են Աննա Հակոբյանի և հայտնի բլոգերի ձայնն այլ տեսանյութերից։

Աննա Հակոբյանի մասնակցությամբ դիփֆեյք տեսանյութը վերցված է նրա ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կազմակերպած համաժողովից, որը կայացել էր 2024-ի սեպտեմբերին։ Այն վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիությանը։ Այդ ելույթում Հակոբյանը ոչ մի եկամուտ խոստացող հարթակի մասին չի նշել։

«Արուսյա Կավկազի» կերպարով դիփֆեյքի հիմքում ևս իրական կադրեր են՝ վերցված նրա յութուբյան ալիքում 2025 թվականի հունվարին հրապարակված տեսանյութից։ Այս դեպքում էլ բլոգերը չի խոսում որևէ նման հարթակի կամ ներդրման մասին։

Ի՞նչ հարթակի մասին են «խոսում» Աննա Հակոբյանն ու հայտնի բլոգերը

Տեսանյութերը տանում են ledgionavera[.]top անվանումով կայքը։ Ռուսերենի իմացության վերաբերյալ հարցին պատասխանելուց հետո վերահասցեագրվում է մեկ այլ՝ profitpilotgroup.top անվանումով կայք։ 

Կայքում նշվում է TradeMaster անվանումով հարթակի մասին, որն ըստ կայքի, զբաղվում է շուկաների վերլուծությամբ և գործարքների կնքմամբ։ Սակայն մանրամասներ չկան, թե ինչ շուկաներ են վերլուծում։ Այստեղ նաև նշվում է, որ նվազագույն ներդրումը 250 դոլար է։ Այս հարթակը որևէ կապ չունի WhatsApp-ի կամ այն տնօրինող «Մետա» ընկերության հետ։ 

Էկրանապատկերը՝ կցված և վերահասցեագրվող կայքերից

Մի շարք հրապարակումների համաձայն՝ «.top» դոմեյնով ավարտվող կայքերը հաճախ օգտագործվում են տվյալներ կորզող ֆիշինգային (phishing) կայքերի կողմից։ Դրանք լայնորեն տարածված են, քանի որ նման դոմեյնները շատ էժան են։

#CivilNetCheck-ը պարբերաբար անդրադառնում է հայտնի անձանց կերպարներով պատրաստված դիփֆեյք (deepfake) տեսանյութերին, որոնց միջոցով փորձում են օգտատերերին համոզել կատարել ներդրումներ կասկածելի հարթակներում։

Տե՛ս Հայտնի անձանց և լրագրողների դիփֆեյքերով կրկին խարդախություն է տարածվում

Իսկ նման հարթակներում գումար ներդնելը ռիսկային է։ Չկա որևէ երաշխիք, որ ներդրած գումարը կավելանա կամ կվերադարձվի։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում