ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները չեն մեկնի Պակիստան՝ Իրանի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին ապրիլի 25-ին հսյտնել է Դոնալդ Թրամփը՝ Truth Social-ի իր էջում։
Նա հավելել է, որ իրանցիները կարող են զանգահարել ԱՄՆ-ին ցանկացած պահի։
«Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցը Իսլամաբադ, Պակիստան, որտեղ նրանք պետք է հանդիպեին իրանցիների հետ։ Շատ ժամանակ է վատնվում ճանապարհորդությունների վրա, շատ աշխատանք։ Բացի այդ, նրանց «ղեկավարության» ներսում կա հսկայական ներքին պայքար և խառնաշփոթ։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու, այդ թվում՝ նրանք։ Մենք ունենք բոլոր խաղաքարտերը, նրանք՝ ոչ մի։ Եթե նրանք ուզում են խոսել, պարզապես պետք է զանգահարեն»,- գրել է Թրամփը։։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արդեն լքել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը, շաբաթ օրը երկրի վարչապետի հետ բանակցություններից հետո։
ԱՄՆ բանակցողները ապրիլի 25-ին նախատեսում էին մեկնել Պակիստան։ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Իրանի պաշտոնյաները ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու ծրագիր չունեն, և Թեհրանի մտահոգությունները կփոխանցվեն միջնորդ Պակիստանին։












