Աննա Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող: Այդ մասին ապրիլի 27-ին հայտարարել է «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառալով «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի հայտարարությանը, որ վերջինս պատրաստվում է դատի տալ դաշինքին և հաղորդում ներկայացնել Իոաննիսյանի դեմ։ Իոաննիսյանը նշել է, որ նորմալ է վերաբերվում այդ քայլին։
Այդուհանդերձ, Իոաննիսյանը զարմանք է հայտնել Աննա Հակոբյանի վկայակոչած իրավական հիմքերի վերաբերյալ, որոնք առնչվում են խոշտանգումներին և խտրականությանը։ Նա նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը, հավանաբար, լավ չի պատկերացնում խոշտանգման իրավական սահմանումը։
«Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը»,- գրել է Իոաննիսյանը։
Անդրադառնալով 2022 թվականի ՏԻՄ ընտրությունների ընթացքում հիմնադրամի գործունեության մասին Հակոբյանի դիտարկմանը՝ Իոաննիսյանը նշել է, որ եթե այդ ժամանակ իրապես նման փաստեր են եղել, ապա դրանք հանցակազմ են պարունակում։ Նա պարզաբանել է, որ տեղական ընտրությունների դիտորդությունն այնքան մանրակրկիտ չի իրականացվել, ինչի պատճառով հնարավոր է՝ այդ դրվագները վրիպած լինեն իրենց ուշադրությունից։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ հանձնարարել է փաստաբաններին ուսումնասիրել «Անկախ դիտորդի» դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը։ Նա իրավական այդ քայլերը հիմնավորել էր իր իրավունքների ոտնահարմամբ, հոգեբանական ճնշմամբ և հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասով։ Հակոբյանը նաև մատնանշել էր խտրական մոտեցումը՝ համեմատելով ներկայիս իրավիճակը 2022-ի հետ, երբ հիմնադրամը ղեկավարում էր Մխիթար Հայրապետյանը, սակայն որևէ իրավական գործընթաց չէր հարուցվել։












