ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելելու մասին տեղեկություններ չի ստացել։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ պատկան մարմիններից («Ռոսպոտրեբնադզոր» կամ «Ռոսսելխոզնադզոր») պաշտոնական որևէ տեղեկություն կամ գրություն առայժմ չի ստացել»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ-ում այժմ ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։












