Շուրջ 7 տասնյակ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը և վերանայել շահագործումը թույլատրած որոշումները։ Ստորագրյալները խիստ անպատասխանատու քայլ են որակել հոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 17-րդ համաժողովից (COP17) առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանքի բացման հանդիսավոր արարողության անցկացումը։
Հոկտեմբերի 10-ին, պաշտոնապես մեկնարկել է Ամուլսարի հանքի շահագործումը: Արարարողությանը ներկա են եղել վարչապետը, փոխվարչապետը, էկոնոմիյայի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, դիվանագետներ և այլք:
Հայտարարության հեղինակները պնդում են, որ հանքի շահագործումը խախտում է Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները և անտեսում ELARD ու TRC կազմակերպությունների 2019-ի փորձագիտական հաշվետվությամբ արձանագրված էկոլոգիական, ջրային և սեյսմիկ ռիսկերը։ Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ցիանային եղանակով ոսկու կորզումը և ապարների թթվային դրենաժը վտանգում են Արփա ու Որոտան գետերը, Սևանա լիճը, Ջերմուկի հանքային ջրերը, ինչպես նաև հարվածում են Ջերմուկ առողջարանային քաղաքի զարգացմանը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են կասեցնել ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունները մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) գործընթացի ավարտը, ապահովել «Էմերալդ» ցանցի տարածքների և «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը, ինչպես նաև վերանայել նախագծի ֆինանսավորման համար պետության տրամադրած 150 մլն դոլարի բյուջետային երաշխիքը։ Ստորագրյալները հայտնել են, որ փաստաթուղթը ներկայացնելու են միջազգային կազմակերպություններին՝ հնարավոր բնապահպանական վնասը կանխելու նպատակով։












