Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, պաշտոնապես մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործումը: Արարարողությանը ներկա էին վարչապետը, փոխվարչապետը էկոնոմիյայի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է փարատել հանրության և բնապահպանների մտահոգությունները, այդ թվում՝ Սևանա լճի հնարավոր թունավորման ռիսկերի վերաբերյալ, ինչի արդյունքում այսօր նախագիծն իրականացվում է առանց բողոքի ակցիաների: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը սոցիալապես և բնապահպանական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվն է:
Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը, նշելով, որ իրենք այսօր են իմացել հանքի շահագործման մասին:
«Առանց պաշտոնական հայտարարության կամ, կարելի է ասել՝ «թաքուն», ներկա իշխանությունները գնում են Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը։
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հերթական Ջերմուկ այցի ընթացքում ճանապարհին պատահաբար իմացավ, որ այսօր Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացումն է»,- ասված է շարժման հայտարարության մեջ։
Անդրադառնալով տնտեսական օգուտներին՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստան է ներկրվել մեծ ծավալի ժամանակակից տեխնիկա, որի շահագործումը ստեղծում է բարձր որակավորում պահանջող և բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր: Նա հատկանշական է համարել, որ սա թույլ է տալիս քաղաքացիներին անցում կատարել սևագործ աշխատանքից դեպի տեխնոլոգիական սպասարկում: Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ ազդակիր համայնքները ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից կստանան էական սոցիալական աջակցություն:
«Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդի սեփականությունն է։ Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը»,- ընդգծել է Փաշինյանը։
Նախագծում կառավարության 12,5 տոկոս բաժնեմասը գործադիրի ղեկավարը որակել է որպես ժողովրդի լրացուցիչ մասնաբաժին: Նա հիշեցրել է նաև հարկային օրենսգրքում և ռոյալթիների համակարգում կատարված փոփոխությունները, որոնք փոխկապակցված են մետաղների միջազգային գների հետ և պետական բյուջեի համար ապահովելու են լրացուցիչ եկամուտներ: Ըստ վարչապետի՝ պետական և համայնքային բյուջեներ մուտքագրվող այդ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհների, դպրոցների կառուցմանն ու անվտանգության ապահովմանը:
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հսկայական այս ներդրումային ծրագիրը նոր խթան կհանդիսանա երկրի համախառն ներքին արդյունքի աճի համար՝ հավելելով, որ կառավարության խնդիրն է լինելու այս նախագծի չափանիշները որպես ուղենիշ կիրառել հանքարդյունաբերական մյուս ընկերությունների և ապագա խոշոր ներդրումային ծրագրերի համար:











