Գլխավոր Լրահոս

Ալիևն ու Զելենսկին Ադրբեջանում ստորագրել են վեց համաձայնագիր

Ալիևն ու Զելենսկին Ադրբեջանում ստորագրել են վեց համաձայնագիր

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ալիևն ու Զելենսկին ստորագրել են համագործակցությունն ընդլայնելու վեց համաձայնագիր։ Ուկրաինայի նախագահը Ադրբեջան էր այցելել ապրիլի  25-ին, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է անվտանգության և էներգետիկ համագործակցության հարցեր

Այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է Ադրբեջանում գտնվող ուկրաինացի մասնագետների թիմին, որը, նրա խոսքով, կիսվում է «օդային տարածքի և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության փորձով»։

Այցի հիմնական մասը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գաբալայում՝ Ռուսաստանի հետ սահմանին մոտ։ Սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն էր Ադրբեջան։

Ընդլայնված հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ալիևը նշել է, որ քննարկել են «համատեղ նախաձեռնություններ, այդ թվում՝ ներդրումային հարցեր»։

«Մեր առևտրաշրջանառությունը գերազանցել է կես միլիարդ դոլարը»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ քննարկվել է նաև ռազմական համագործակցությունը և կան «հիանալի հնարավորություններ համատեղ արտադրության համար»։

Իր հերթին Զելենսկին խոսել է նույն օրը ստորագրված վեց համաձայնագրերի մասին՝ նշելով, որ «առաջին տեղում անվտանգությունն է»։

«Ուկրաինան այս պատերազմում ցուցաբերել է դիմակայունություն և այժմ կիսվում է իր փորձով։ Այսօր ես հանդիպել եմ մեր մասնագետներին, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանում։ Նրանք աջակցում են մեր գործընկերներին։ Իհարկե, մենք կշարունակենք զարգացնել համագործակցությունն ու համատեղ արտադրությունը»,- ասել է նա։

Սա, հավանաբար, վերաբերում է այն ուկրաինական թիմին, որը Ադրբեջանում է՝ «օդային տարածքի և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության փորձը փոխանցելու համար»։ Զելենսկին հանդիպել է թիմի անդամներին, իսկ թիմի ղեկավարը նրան ներկայացրել է աշխատանքի «առաջին արդյունքները»։ Ուկրաինայի տվյալներով՝ այս ծրագիրը իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակում։

Դեռևս հստակ չէ, թե այս թիմը կոնկրետ ինչ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Սակայն ապրիլի 19-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պաշտպանական արտահանման համաձայնագրեր է կնքել Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ կապված անօդաչու սարքերի և ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։

«Մենք արդեն դիմումներ ունենք ևս 11 երկրից՝ Մերձավոր Արևելքից և Պարսից ծոցի տարածաշրջանից, և աստիճանաբար դիտարկում ենք նաև Կովկասը»,- գրել էր Զելենսկին X (նախկին Twitter) հարթակում։

Դրանից հետո սկսվել էին քննարկումներ, թե Կովկասի որ երկրի մասին է խոսքը։

Մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին նաև նշել է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ «շատ լուրջ քայլ է»։ Նա ընդգծել է, որ այս համագործակցությունը «միայն զենքի մասին չէ», այլ ունի ավելի լայն նշանակություն՝ «կապված երկրների կայունության հետ»։

Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Ադրբեջանում՝ «եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտության»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ պատերազմի ընթացքում Ուկրաինային ցուցաբերված հումանիտար օգնության համար։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում