Իրանի պատերազմը ի ցույց է դնում Չինաստանի տնտեսության ճաքերը. NYT

Չինաստանի նավթի և բնական գազի ռազմավարական պաշարները որոշ չափով պաշտպանել են երկիրը, սակայն արտադրության վրա հիմնված նրա տնտեսությունը սկսում է թուլանալ, գրում է The New York Times-ի Պեկինի թղթակից Քեյթ Բրադշերը։
Իրանում պատերազմի հետևանքով նավթի և բնական գազի գների աճը սկսում է ծանրանալ Չինաստանի տնտեսության վրա՝ էլ ավելի դանդաղեցնելով արդեն իսկ թույլ սպառողական ծախսերը և վնասելով արտահանմանը։
Մարտին ավտոմեքենաների վաճառքը նվազել է, իսկ ապրիլին անկումն ավելի է խորացել։ Ռեստորաններն ու հյուրանոցները հաճախորդների պակաս են զգում, քանի որ տնային տնտեսությունները ավելի զգուշավոր են դարձել ծախսերում։ Չինաստանի հարավում անցած շաբաթ խաղալիքների գործարանի հազարավոր աշխատակիցներ բողոքի ցույց անցկացրին այն բանից հետո, երբ իրենց գործատուն սնանկացավ պլաստիկի թանկացման և Միացյալ Նահանգներում շարունակվող մաքսատուրքերի ճնշման ներքո։
Լարվածության այս նշանները վկայում են, որ նույնիսկ Չինաստանը՝ նավթի հսկայական ռազմավարական պաշարներով և վերականգնվող էներգիայի ոլորտում մեծածավալ ներդրումներով, պաշտպանված չէ այն ճնշումներից, որոնք ազդում են ամբողջ աշխարհի տնտեսությունների վրա։
Շաբաթներ շարունակ, թվում էր, Չինաստանը կարողանում է դիմակայել պատերազմի հետևանքներին, և այս պատկերն ամրապնդվում էր մինչև մարտ համեմատաբար լավ տնտեսական տվյալներով։ Սակայն երբ պատերազմը մտավ իններորդ շաբաթ՝ առանց հստակ ավարտի նշանների, ճաքերը սկսեցին երևալ։
«Տնտեսությունը դանդաղում է»,- ասում է ֆրանսիական Natixis ֆինանսական ընկերություն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Ալիսիա Գարսիա Հերերոն։ Նրա խոսքով՝ Չինաստանը դժվարությամբ կարող է հասնել այս տարվա 4,5 տոկոս տնտեսական աճի նպատակային ցուցանիշին։
Թուլացման ամենահստակ նշաններից մեկը նկատվում է ավտոմեքենաների վաճառքի և արտադրության ոլորտում, որոնք հաճախ համարվում են խնդիրների վաղ ազդանշաններ։ Չինական շատ ընտանիքների համար բնակարանից հետո մեքենան երկրորդ ամենախոշոր գնումն է, իսկ ոլորտը խթանում է պողպատի, ապակու և այլ նյութերի պահանջարկը։
Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներով՝ ապրիլի առաջին 19 օրերին մանրածախ ավտովաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26 տոկոսով։ Թեև անկման մի մասը պայմանավորված է էլեկտրամոբիլների վաճառքի թուլացմամբ՝ դեկտեմբերին հարկային խթանների ավարտից հետո, բենզինային մեքենաների վիճակն ավելի վատ է եղել. գրանցվել է գրեթե 40 տոկոսի անկում։
Վաճառքների նվազումը հանգեցրել է նրան, որ դիլերական հրապարակները լցվել են չվաճառված մեքենաներով, ինչն էլ առաջացրել է արտադրության կրճատումներ։ Ապրիլի առաջին երկու շաբաթում չինական ավտոգործարանները մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրել են 27 տոկոսով պակաս մեքենա՝ զգալի նահանջ նույնիսկ այն պայմաններում, երբ արտահանումը շարունակում է աճել։
Առաջին հայացքից տնտեսությունը դեռ դիմացկուն է թվում։ Սակայն ավելի խոր դիտարկումը ցույց է տալիս ներքին թուլությունները։
Այս ամիս Չինաստանը հայտարարեց, որ այս տարվա առաջին երեք ամիսներին իր տնտեսությունը տարեկան հաշվարկով աճել է 5.3 տոկոսով։ Այդ աճի մեծ մասը, սակայն, բաժին է ընկել հունվարին և փետրվարին։
Մանրածախ վաճառքները մարտին դանդաղել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ընդամենը 1.7 տոկոսով։ Չինաստանի լոգիստիկայի և գնումների ֆեդերացիան (China Federation of Logistics and Purchasing) հայտնել է, որ չվաճառված ապրանքների պաշարները շարունակել են աճել։ Պեկինում աշխատող տնտեսագետ Մայքլ Պետիսի խոսքով՝ աճող պաշարները կարող են խոչընդոտել ապագա տնտեսական աճը։
Երկուշաբթի հրապարակված արդյունաբերական շահույթի տվյալները ցույց են տալիս, որ մինչև մարտ ոլորտում ուժեղ աճը պահպանվել է, ինչը կարող է որոշ չափով զսպել անկումը։ Սակայն այդ աճի մեծ մասը պայմանավորված էր քիմիական և էներգետիկ ընկերությունների միանվագ շահույթով, քանի որ դրանք պատերազմի նախօրեին էժան գնով պաշարներ էին կուտակել և հետո օգտվել նավթի ու գազի գների աճից։
Չինաստանի ռազմավարական նավթային պաշարներն ու նավթավերամշակման հսկայական գործարանները երկիրը շատ ավելի քիչ խոցելի են դարձնում, քան ասիական հարևաններին։ Չինաստանը նաև պաշտպանել է սպառողներին վառելիքի գների աճի ամբողջ հարվածից՝ պետական վերահսկողությամբ նավթային ընկերություններին թույլատրելով փոխանցել նավթի գնի բարձրացման միայն կեսը։
Պատկերը շատ ավելի մռայլ է խաղալիքների արդյունաբերությունում։
Անցած շաբաթ Չինաստանի հարավում աշխատանքը կորցրած հազարավոր աշխատակիցներ դուրս էին եկել փողոց՝ բողոքի շուրջօրյա ակցիաներ անցկացնելով և պահանջելով ապրիլի 20-ին հանկարծակի փակված մի քանի խաղալիքների գործարաններից հետվճարներ ու փոխհատուցում։
Փակումները տեղի են ունենում մի պահի, երբ պլաստիկի գները կտրուկ աճել են։ Պլաստիկը արտադրվում է նավթից և բնական գազից, իսկ մատակարարումները թանկացան այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցով դանդաղեց երթևեկություն, որը Պարսից ծոցը կապում է էներգակիրների համաշխարհային գնորդների հետ։ Չինաստանի խաղալիքների արդյունաբերությունն արդեն իսկ ճնշման տակ էր՝ աճող ծախսերի, արտաքին մրցակցության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի պատճառով։
Փակված գործարանները Յուլին քաղաքում են՝ ցածր աշխատավարձերով հայտնի խաղալիքների արտադրական կենտրոնում, որը Հոնգ Կոնգից մոտ 260 մղոն արևմուտք է։
Աշխատողները գործարանների դարպասներին փակցրել էին պաստառներ՝ «Վերադարձրեք իմ արյունով ու քրտինքով վաստակած փողը» և նմանատիպ այլ կարգախոսներով։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են խաղաղ ցուցարարների մոտակայքում կանգնած կապույտ համազգեստով և լուսարձակող ժիլետներով ոստիկաններ։
Բողոքի ցույցերի բազմաթիվ կարճ տեսանյութեր տարածվել են չինական համացանցում։ Թեև հանրային դժգոհության դրսևորումները սովորաբար ենթարկվում են գրաքննության, այս տեսանյութերը մնացել են հասանելի, հավանաբար այն պատճառով, որ բողոքի ցույցերը խաղաղ բնույթի են, իսկ Պեկինը ընկերություններին կոչ է արել կատարել աշխատողների հանդեպ իրենց պարտավորությունները։
Ուրբաթ և երկուշաբթի օրերին Յուլինում կառավարության և Կոմունիստական կուսակցության գրասենյակներին արված բազմակի զանգերը մնացել են անպատասխան։ Փակված գործարանները պատկանում են Wah Shing Toys ընկերությանը, որը չի արձագանքել մեկնաբանություն ստանալու հեռախոսազանգերին և ուղարկված էլեկտրոնային նամակին։
Ընկերության Յուլինի դուստր ձեռնարկությունը հայտարարություն է տարածել աշխատակիցներին ուղղված, որը արագ շրջանառվել է համացանցում։ Այնտեղ նշվում է, որ գործարանները փակվում են, և ընկերությունը դիմում է սնանկացման գործընթացի, քանի որ արտերկրում պայմանները բարդացել են։ Հայտարարությունում հիշատակվել է «վերջին տարիներին Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող առևտրային լարվածության», ինչպես նաև արտասահմանյան բիզնես միջավայրի դժվարությունների մասին։ Նաև նշել է, որ օտարերկրյա հաճախորդների չվճարված հաշիվները վնասել են ընկերության դրամական հոսքին։
Տեղադրություն











