Իրավապաշտպաններն ակնկալում են ԵՄ աջակցությունը գերիների վերադարձի գործում

Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։
«Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025-ի մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների»,- նշված է նամակում։
Իրավապաշտպանները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի պաշտոնյաների այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք բացառում են Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների վերադարձը։ Ըստ ստորագրող կողմերի՝ արդար դատաքննության բացակայությունը, դատավճիռների գաղտնիությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումը Ադրբեջանում հայ գերիներին զրկել են պաշտպանության միջազգային մեխանիզմներից։
«Հստակ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր»,- ընդգծում են հեղինակները՝ կոչ անելով Եվրամիության ղեկավարությանը վճռորոշ քայլեր ձեռնարկել՝ գերիներին ընտանիքների հետ վերամիավորելու համար։
Նամակի հեղինակները ողջունում են եվրոպացի պաշտոնյաների սպասվող այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն կամրապնդի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովմանը։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանները շեշտում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգում առաջնային պետք է լինի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։
Բաց նամակը ստորագրել են Հայաստանի մի շարք առաջատար իրավապաշտպան կառույցներ, այդ թվում՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և այլք։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է գերիների խնդիրը բարձրաձայնել ԵՄ գործընկերների հետ՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովների ընթացքում, հայտարարեց, որ այս փուլում խնդրի քննարկումը նախընտրում է իրականացնել Բաքվի հետ ուղիղ երկխոսության ձևաչափով։
Վարչապետը պարզաբանեց, որ ներկայում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ «հսկայածավալ աշխատանք է իրականացվում», սակայն այլ հարթակներում, այդ թվում՝ եվրոպական, քննարկումները ցանկալի արդյունավետություն չեն ցուցաբերում։ Փաշինյանի գնահատմամբ՝ երկկողմ շփումներն այս պահին ամենագործուն մեխանիզմն են։
Գևորգ Թոսունյան
Տեղադրություն











