Փաշինյանը չի բացառում ռուս սահմանապահների հեռացումը սահմանի որոշ հատվածներից

Գևորգ Թոսունյան
«Կամաց-կամաց, ինչքան հնարավորություն ունենանք, մենք հսկողությունը կվերցնենք». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքում ռուս սահմանապահների՝ Հայաստանի պետական սահմանից հնարավոր հեռացման մասին հարցին։
Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցին, Փաշինյանը հիշեցրեց, որ 1992-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին պայմանագրով նախատեսված է Հայաստանի սահմանապահ զորքերի կարողությունների զարգացմանը զուգահեռ սահմանի վերահսկողությունը սեփական ուժերով իրականացնելու գործընթաց։
Վարչապետի խոսքով՝ ներկայում Հայաստանը վճարումներ է կատարում ռուս սահմանապահներին ծառայության դիմաց, և ռուսաստանցի գործընկերները նախկինում բարձրացրել են այդ գումարների ավելացման հարցը։
«Մենք էլ հաշվարկում ենք, որ այդ գումարները ավելացնելու թեման, որ կա, այդ գումարները ծախսելով՝ արդեն բարձրացվող կամ պոտենցիալ ունեցող գումարները կարող ենք ծախսել մեր սահմանապահ կարողությունները զարգացնելու համար»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստվում է ստանձնել սահմանի այն հատվածների հսկողությունը, որոնց համար ի վիճակի կլինի ապահովել սահմանապահ կարողություններ, իսկ ռուսական կողմը կշարունակի գործել այն բյուջեի շրջանակում, որը Հայաստանի համար «ծանր չէ վճարել»։ «Դա հենց պայմանագրով նախատեսված է»,- ամփոփեց վարչապետը։
Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992-ի պայմանագրով՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանությունը։
Վերջին երկու տարիներին, սակայն, ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում էական փոփոխություններ է կրել։ Մասնավորապես, նրանք դուրս են բերվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետից։
2020-ի Արցախյան պատերազմից հետո ռուս սահմանապահները ծառայություն էին իրականացնում նաև հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։ Այդ կետերից նրանք հեռացան մինչև 2023-ը՝ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը զուգահեռ։











