ԵԽ-ն բանաձև է ընդունել, որով աջակցում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Եվրոպական խորհրդարանը 476 կողմ ձայնով ընդունել է բանաձև, որով լիակատար աջակցություն է հայտնում 2026-ի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այս մասին տեղեկանում են Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքից։
Փաստաթղթում շեշտվում է ընտրական գործընթացի թափանցիկության, մեդիա բազմակարծության և հիմնարար ազատությունների պահպանման կարևորությունը:
Եվրոպացի պատգամավորներն ընդգծում են միջազգային ու ներպետական դիտորդական առաքելությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերը ընտրությունների վերահսկման գործում։ Միաժամանակ, նրանք զգուշացնում են ընտրական գործընթացներին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին՝ դատապարտելով հիբրիդային սպառնալիքները, ապատեղեկատվական արշավները, կիբերհարձակումները և օլիգարխիկ ցանցերի միջոցով իրականացվող ապօրինի քաղաքական ֆինանսավորումը։
Բանաձևում ողջունվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան և Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու ձգտման վերաբերյալ օրենսդրության ընդունումը։ Որպես երկկողմ հարաբերությունների զարգացման վկայություն՝ առանձնացվում են մայիսի 4-ին և 5-ին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և ԵՄ-Հայաստան անդրանիկ գագաթնաժողովները, որոնք գնահատվում են որպես համաեվրոպական համերաշխության ազդակ։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվում է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա։











