Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 16 կետով նահանջել է։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության ապրիլի 30-ին հրապարակած զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-րդ հորիզոնականից հայտնվելով 50-րդ տեղում։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է ապրիլի 30-ի և մայիսի 1-ի «Լուրեր» հաղորդման թողարկումները, ինչպես նաև 1lurer.am կայքի լրահոսը և պարզել, որ հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությունը որևէ անդրադարձ չի կատարել զեկույցին։
Լռություն եթերում և լրահոսում
Ապրիլի 30-ին «Լուրեր» հաղորդման՝ օրվա ընթացքում հեռարձակված վեց թողարկումներում (1,2,3,4,5,6), ինչպես նաև մայիսի 1-ին հեռարձակված հինգ թողարկումներում (1, 2, 3, 4, 5) բացակայել է որևէ անդրադարձ RSF-ի հրապարակած ինդեքսին և Հայաստանի դիրքի փոփոխությանը։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որտեղ օրվա լրահոսում ևս որևէ հրապարակում չկա այս թեմայով։
Նշենք, որ օրվա ընթացքում հեռարձակվող թողարկումների բովանդակությունը մեծամասամբ նույնն է։
Եթերում և կայքում լուսաբանվել են այլ թեմաներ՝ ներքին քաղաքական, սոցիալական և միջազգային օրակարգից, սակայն միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված և Հայաստանի համար նշանակալի գնահատականը չի ընդգրկվել լրատվական հոսքում։
Ի՞նչ խնդիրներ է արձանագրում ինդեքսը
RSF-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանի մեդիամիջավայրը, թեև բազմազան է, շարունակում է մնալ բևեռացված։ Զեկույցում ընդգծվում է, որ երկիրը գործում է մի միջավայրում, որտեղ առկա են ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ ծավալներ, որոնք սրվում են ներքաղաքական լարվածությամբ և անվտանգային խնդիրներով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, կապված լինելով քաղաքական և առևտրային շահերի հետ, բախվում է խմբագրական քաղաքականության վրա ճնշումների։
Բացի այդ, նշվում է, որ լրագրողները հաճախ դառնում են ճնշումների, վիրավորանքների և բռնության թիրախ՝ թե՛ իշխանության ներկայացուցիչների, թե՛ ընդդիմության կողմից, և այդպիսի դեպքերը հիմնականում մնում են անպատիժ։ Այս ֆոնին ձևավորվում է անհանդուրժողական միջավայր, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը և նպաստում ինքնագրաքննությանը։
Զեկույցում ընդգծվում է նաև, որ գործող օրենսդրական դաշտը լիարժեք չի ապահովում մամուլի ազատության պաշտպանությունը, պետական տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է, իսկ մեդիայի ֆինանսական անկախությունը խոչընդոտվում է շուկայի թերզարգացածությամբ և քաղաքական կապերով։
Հայաստանը վերջին տարիներին մեծամասամբ բարելավում էր իր դիրքերը աշխարհի 180 երկրների շարքում։
Սակայն այս տարվա անկումը աննախադեպ է 2018-ից ի վեր, քանի որ երկար տարիներ շարունակվող բարելավումից հետո առաջին անգամ գրանցվել է այսքան կտրուկ՝ 16 կետով հետընթաց։
Ի՞նչ է պարտավորեցնում օրենքը
Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։ Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրային հեռարձակողները պետք է ղեկավարվեն օբյեկտիվության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքներով։
Նույն հոդվածը պարտավորեցնում է «հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, կարծիքների բազմազանությունը»։
Իր հերթին, Հանրային հեռուստաընկերության կայքում նշված է, որ «Լուրերի» թողարկումների «առանցքում այն ամենն է, ինչ կարևոր է, հետաքրքիր և հրատապ: Պարբերաբար թարմացվող նորություններ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, տեղեկատվություն՝ տարածաշրջանից և միջազգային հանրությունից»։
ՍիվիլՆեթը կապ է հաստատել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի խմբագիր Լուսինե Բարսեղյանի հետ՝ պարզելու, թե ինչու անդրադարձ չի եղել թեմային։ Բարսեղյանը առաջարկել է գրավոր հարցում ուղարկել։ Նշենք, որ Լուսինե Բարսեղյանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը։
Այսպիսով, Հ1-ը չի լուսաբանել RSF-ի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը՝ թողնելով առանց անդրադարձի թե՛ Հայաստանի 16 կետով նահանջը, թե՛ զեկույցում ներկայացված մեդիա միջավայրի խնդիրները, որոնք ունեն հանրային նշանակություն։
Անի Գրիգորյան
CivilNetCheck











