Գլխավոր Լրահոս

«Քլիքբեյթ» և խուճապի տարածում․ տելեգրամյան ալիքների և կասկածելի կայքերի «խայծերը»

«Քլիքբեյթ» և խուճապի տարածում․ տելեգրամյան ալիքների և կասկածելի կայքերի «խայծերը»

Բազմահազար հետևորդներ ունեցող «Լուրեր Info» և Blogger.am ֆեյսբուքյան էջերը շարունակում են տարածել սենսացիոն, հաճախ խուճապ առաջացնող, բայց բովանդակային առումով դատարկ լուրեր։ Այս էջերը փորձում են գրավել օգտատերերի ուշադրությունը՝ օգտագործելով չափազանցված և ինտրիգային ձևակերպումներ՝ առանց կոնկրետ տեղեկություն փոխանցելու։

«Լուրեր Info» ֆեյսբուքյան էջը պարբերաբար տարածում է նույնատիպ կառուցվածքով գրառումներ՝ «Հերթական մահվան դեպքը ՊՆ զորամասերից մեկում», «Լավ լուր ունեմ, ժողովուրդ ջան», «Հերթական սկանդալն է հասունանում» կամ «Սարսափ հարսանիքում․ հնչած կրակոցները ցնցեցին բոլորին․ Լիլիթը մահացավ» վերնագրերով։ Այս գրառումները չեն պարունակում ստուգելի տվյալներ կամ հստակ փաստեր։ Փոխարենը օգտատերերին առաջարկվում է բացել մեկնաբանությունում տեղադրված հղումը՝ «մանրամասներին ծանոթանալու» համար։

Էկրանապատկերում ֆեյսբուքյան կեղծ գրառումը
Էկրանապատկերում ֆեյսբուքյան կեղծ գրառումը

Հղումը բացելուց հետո օգտատերը հայտնվում է տելեգրամյան «Շտապ լուրեր» ալիքում, որտեղ ամբողջական բովանդակությունը հասանելի է դառնում միայն ալիքին միանալուց հետո։ Այս մեխանիզմով էջերը ոչ միայն ապահովում են այցելություններ, այլ նաև ավելացնում իրենց լսարանը այլ հարթակում։

Նմանատիպ մեթոդով է գործում նաև Blogger.am էջը։ Օրինակ՝ տարածվել է «Ալիև, վերջդ եկել է. Բաքուն ջրի տակ է անցել. Ալիևի դեմ է դուրս եկել ողջ երկիրը» վերնագրով գրառում, որը օգտատիրոջը ուղղորդում է yer.arminfonews[.]ru կայք։ 

Հղումով բացվող նյութը ռուսալեզու է և չի պարունակում կոնկրետ կամ ստուգելի տեղեկություն։ Տեքստում օգտագործվում են ինտրիգային, բայց ոչ ինֆորմատիվ ձևակերպումներ՝ առանց հստակ աղբյուրների կամ փաստերի։

Հատկանշական է նաև, որ նմանատիպ էջերը համակարգված կերպով օգտագործում են տարբեր տառատեսակներ, մեծատառեր և էմոցիոնալ բառապաշար՝ ուշադրություն գրավելու համար։ Այս տեսողական և լեզվական հնարքները լրացնում են clickbait մեխանիզմը՝ մեծացնելով սեղմումների հավանականությունը։

Այսպես կոչված «սունկ» կայքերը և դրանց հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքները ձևավորում են ապատեղեկատվության մի ամբողջ էկոհամակարգ։ Ֆեյսբուքյան էջերում հրապարակվում են սենսացիոն և հաճախ մոլորեցնող վերնագրերով գրառումներ, որոնք օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր կամ տելեգրամյան ալիքներ։ Արդյունքում ապահովվում է ինչպես կայքերի այցելությունների աճը, այնպես էլ նոր բաժանորդների ներգրավումը։

Այսպիսով, նման հրապարակումները չեն պարունակում ստուգելի տեղեկություններ և կառուցված են բացառապես օգտատերերի ուշադրությունը գրավելու և նրանց հղումների միջոցով տեղափոխելու նպատակով։ Դրանց հիմնական նպատակը կայքերի այցելությունների ավելացումն ու գովազդային եկամուտ ստանալն է, իսկ բովանդակությունը հաճախ երկրորդական նշանակություն ունի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում