Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-ին եռօրյա այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:
Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:
Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:
***
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Կազմակերպություն









