Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այսօր իրականություն է. Ալիևի ելույթը՝ Երևանում ընթացող գագաթնաժողովին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այսօր իրականություն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին տեսակապի միջոցով։ Նա շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրները հավատարիմ են մնում խաղաղության օրակարգին՝ չնայած որոշակի ուժերի փորձերին՝ խոչընդոտել այդ գործընթացին։
Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի դերը խաղաղության գործընթացին աջակցելու հարցում, սակայն խիստ քննադատության է ենթարկել եվրոպական այլ ինստիտուտներ, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն և Եվրոպական խորհրդարանը։
Իր ելույթի ավարտին Իլհամ Ալիևը հայտնել է, որ Հայաստանում գագաթնաժողով անցկացնելու գաղափարին աջակցել է դեռևս մեկ տարի առաջ՝ Տիրանայում կայացած հանդիպման ժամանակ, պայմանով, որ հաջորդ գագաթնաժողովներից մեկը կհյուրընկալի Ադրբեջանը։ Նա պաշտոնապես հրավիրել է ԵՔՀ անդամներին Ադրբեջան 2028-ի մայիսին՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը։ Ըստ Ալիևի՝ սա հստակ նշան է, որ երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իսկ իրականություն է դառնում։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ յոթ գագաթնաժողովներից Ալիևը բաց է թողել միայն երկուսը: Հատկանշական էր նրա բացակայությունը 2023-ի հոկտեմբերին Իսպանիայում՝ այն բանից օրեր անց, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղում և էթնիկ զտման ենթարկեց տարածաշրջանի ամբողջ հայ բնակչությանը: Ադրբեջանական պատվիրակությունը վերջին պահին չեղարկեց իր մասնակցությունը՝ վկայակոչելով «հակաադրբեջանական մթնոլորտը»՝ նկատի ունենալով եվրոպական առաջնորդների հայտարարությունները, որոնք դատապարտում էին Բաքվի ռազմական գործողությունները:
***
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:











