Փաշինյանը հույս է հայտնել՝ 2028-ին մեկնել Բաքու՝ մասնակցելու ԵՔՀ 12–րդ գագաթնաժողովին

Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի ժամանակ: Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորություն կունենա այցելելու Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 12–րդ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի։
«Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն առանցքային դեր ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ 2022-ին Եվրոպական քաղաքական համայնքի՝ Պրահայում անցկացված առաջին գագաթնաժողովի շրջանակում, քառակողմ հանդիպում կազմակերպվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես իրավիճակը փոխող որոշում կայացրեցինք՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի 1991-ի հռչակագրի վրա։ Այդ փոխըմբռնման հիման վրա իրատեսական հնարավորություն ստեղծվեց խաղաղության պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդգծվեց ապագա խաղաղության ճարտարապետությունը և հանգեցինք անցյալ տարվա օգոստոսի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովին»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մեջ են։ Արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։
«Այնտեղ՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիրը։ ԱՄՆ նախագահը նույնպես այն ստորագրեց, ստորագրեց՝ որպես վկա։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով։ Դա «Թրամփի ուղին է՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», որը կնպաստի խաղաղությանը՝ ապաարգելափակելով տարածաշրջանի երթուղիները և ստեղծելով նոր միջազգային երթուղիներ՝ արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս, որն էապես կնպաստի մատակարարման միջազգային շղթաների կայունությանը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը սերտորեն աշխատում են, որպեսզի ամրապնդեն և ինստիտուցիոնալ դարձնեն երկու երկրների միջև խաղաղությունը։
«Սա առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ՝ հեռակապով։ Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի 12–րդ գագաթնաժողովն այնտեղ կանցկացվի։ Իմիջիայլոց, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ հյուրընկալելու այս գագաթնաժողովները»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է, որ իր առաջին հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում՝ Պրահայում։
«Եվ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին։ Նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան: Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահը, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի վարչապետներն այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ: Սա մեկ այլ պատճառ է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը»,- ասել է նա։
Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵՔՀ գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես։
«Այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար ևս, հատկապես՝ հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող և բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների և խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար նույնպես։ Մեզ մաղթում եմ հաջողություն և հետևողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին, որը պարտադիր չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք՝ կլինի մոտ ապագայում»,- ասել է վարչապետը:
Կազմակերպություն











