Գլխավոր Լրահոս

Այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է. Փաշինյան

Այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է. Փաշինյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, մայիսի 4-ի երեկոյան նախագահական նստավայրում տրվել է պետական ընթրիք: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Պետական ընթրիքից առաջ տեղի է ունեցել պետական պարգևների շնորհման արարողություն։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և խորացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի համար, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։ Այս պարգևը 1802-ին Նապոլեոն Բոնապարտի կողմից սահմանված Պատվո լեգեոնի բարձրագույն շքանշանն է։

Արարողակարգի համաձայն, երկու երկրների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

«Ես ուզում եմ, որ մենք բոլորս առերեսվենք մի իրավիճակի հետ, որ այսօրվա մեր հանգրվանում նախագահ Մակրոնի դերը շրջադարձային է։ Այսօրվա մեր իրականության և տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը, ըստ էության, ձևավորվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։  Սա մի սյուն էր, որի վրա կառուցված է մեր այսօրվա իրականությունը, այսօրվա խաղաղությունը և այսօրվա հեռանկարը, որն ամեն օրվա հետ ավելի ու ավելի ենք սիրում։

Ակնհայտ է, որ նախագահ Մակրոնի դեմքով մենք գործ ունենք Ֆրանսիայի Հանրապետության պետական գործչի հետ, բայց այդ հանդիպումը և այդ օրվա իրադարձություններն ինձ համար միանշանակ և աներկբա են դարձնում, որ Էմանուել Մակրոնը նաև Հայաստանի Հանրապետության պետական գործիչ է։  

2022-ի հոկտեմբերի 6-ից առաջ, 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ թվում էր, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի ոչ մի հույս և հենարան, և չկա մի ուժ և անհատ, որը կարող է մեր ձեռքը բռնել, մենք ամենադժվար պահին զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը, և նա ամուր բռնեց մեր ձեռքից, մենք նրա ձեռքերից ամուր բռնեցինք, և այսօր մեր բազմաթիվ հաջողություններ՝ սկսած բանակաշինությունից, շարունակած մեր արտաքին հարաբերություններով, մեր ժողովրդավարական ձեռքբերումներով, տնտեսական հաջողություններով, որոնց մի մասը, ի դեպ, նաև կարձանագրվեն նախագահ Մակրոնի պետական այցի արդյունքներով, նրա անձնական ներդրման արտահայտությունն են, հենց հատկապես՝ նրա անձնական ներդրման արտահայտությունը։ Ութ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի Հանրապետության պետական շահերին առնչվող որևէ մտահոգություն, հարց կիսած լինեմ նախագահ Մակրոնի հետ և հնարավորինս ամենաարագ և առարկայական և կոնկրետ ձևով ստացած չլինեմ նրա արձագանքը, նրա պատասխանը, որն արտահայտվել է կոնկրետ, շոշափելի, ստուգելի, տեսանելի որոշումներով և քայլերով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ի պատասխան Էմանուել Մակրոնն իր բաժակաճառում նշել է, որ  իր համոզմամբ՝ Ֆրանսիան պատերազմից երկու տարի անց կատարել է իր պարտքը։ Մակրոնը նաև նշել է, որ Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու է Ֆրանսիան անվերապահորեն աջակցում Հայաստանին։ 

«Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ։ Այժմ իրավիճակը կարգավորվել է և, բարեբախտաբար, հանդարտվել է։ Բայց եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք՝ այս ամենը ասելու համար, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Դա արդար էր։ Եվ պատմության ընթացքում ձեր երկրի, ձեր ժողովրդի մղած պայքարը միշտ եղել է արդար պայքար՝ ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, և այդ դժվար պահերին՝ ձեր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքների դեմ։

Խաղաղության այն պատկերացումը, որ մենք ունենք մեզ համար, կայանում է այն բանում, որ լինենք այդ արդար պայքարների կողքին, որտեղ պաշտպանվում է միջազգային կարգը։ Նույնիսկ այն դեպքում, երբ դա տվյալ պահին չի բխում մեր շահերից, նույնիսկ, երբ հաշվարկային մոտեցումները կթելադրեին աչք փակել և այլ կողմ նայել, նույնիսկ, երբ շատերը հաշվարկում էին գազի խորանարդ մետրերը կամ այլ ուժերի հետ ավելի շահավետ պայմանագրերից բխող շահերը։

Եվ Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, երբեք չեն դավաճանել, լինել այն ժողովրդի կողքին, որը երբեք չի դավաճանել իրեն, և կանգնել արդար պայքարի կողքին։

Մեր պատմությունը գալիս է շատ հեռվից։ Այս դահլիճում կան կանայք և տղամարդիկ, որոնց ընտանեկան պատմությունը կապված է մեր երկու երկրների հարաբերությունների հետ․ ոմանք գաղթել են մի քանի սերունդ առաջ, մյուսները՝ իրենց կյանքի ընթացքում, իսկ ոմանք էլ պարզապես բացահայտել են Հայաստանը և սիրել այն՝ առանց արմատներ ունենալու։ Որովհետև մեր երկու երկրների, մեր երկու ժողովուրդների, մեր երկու քաղաքակրթությունների միջև կա մի բան, որը հենց սա է ասում։ Ինչո՞ւ ֆրանսիացի մտավորականները սիրեցին Հայաստանը։ Շատերը երբեք ոտք չէին դրել այստեղ։ Որովհետև նրանց համար անտանելի էր, որ այս երկիրը տարուբերվի մի կայսրությունից մյուսը։ Ինչո՞ւ ֆրանսիական նավատորմը եկավ այստեղ՝ ոչ թե տեսնելու կամ դատապարտելու, այլև փրկելու, որովհետև նրանք կարծում էիր, որ սա այն արդար պայքարն է, որն իրեն հանձնարարել է ֆրանսիական ժողովուրդը։ Ինչո՞ւ այդ տարիներին մենք ընդունեցինք այսքան մարդկանց, և ինչո՞ւ նրանցից շատերը հետո պայքարեցին Ֆրանսիայի համար։ Եվ մենք մեծ պատիվ ունեցանք, և դուք էլ մեր կողքին էիք, Պանթեոնում արժանի տեղ տալու Միսաք Մանուշյանին և Մելինեին, որոնք իրենցով մարմնավորում են այն, ինչ հայերն են տվել Ֆրանսիային։

Սա միշտ նույն պատմությունն է։ Երբ պայքարն արդար է, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Երբ խոսքը վերաբերում է մեզ, համամարդկայինին, այն արժեքներին, որոնք մենք կրում ենք, մենք այնտեղ ենք՝ միմյանց կողքին։ Եվ մենք ճանաչում ենք միմյանց։Ես մեծ պատիվ եմ համարում այսօր ստացած պարգևները և ուզում եմ պարզապես ասել, որ դրանք այս պատմության մի կարևոր հանգրվան են, որը մեզ պարտավորեցնում է։ Որովհետև դա դուք էիք, որովհետև դա մենք էինք։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը հենց սա է։

Ահա թե ինչու ձեր կատարած ընտրությունը՝ լիակատար անկախության, խաղաղության, այս անկայուն տարածաշրջանում կայունության, Եվրոպայի և բարգավաճման ընտրությունը, այն ընտրություններն են, որոնց մենք աջակցում ենք։ Որովհետև մենք դրանք ևս մեկ անգամ արդար ենք համարում, որովհետև դրանք լավ ենք համարում ձեր երկրի համար, որովհետև կարծում ենք, որ դրանք համապատասխանում են պահի պահանջներին, այն աշխարհաքաղաքական և ռազմավարական համահունչությանը, որն անհրաժեշտ է Հայաստանին և Եվրոպային։ Եվ որովհետև մենք ցանկանում ենք լինել այդ ճանապարհի մի մասը։

Վաղը ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը վերջին տարիներին ձեր կողքին մեր կատարած պաշտպանական ջանքերի արդյունքն է, քանի որ երբեք մեր հարաբերություններն այս մակարդակի չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր մեր երկրների միջև, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։ Եվ շատերը, ովքեր այստեղ են, դեռ կշարունակեն գրել այդ պատմությունը։

Բայց թույլ տվեք ասել, պարոն վարչապետ, պարոն նախագահ, թե որքան մեզ համար այն, ինչ դուք անվանում եք Իրական Հայաստան, անբաժանելի է երազած Հայաստանից, որովհետև շատերն ամեն օր այն երազում են։ Դուք ընտրել եք Եվրոպայում գտնվող, խաղաղ և բարգավաճ Հայաստան։ Եվ հենց այդ Հայաստանն է՝ իր բոլոր երանգներով, մեր ընդհանուր պատմությունը կրող Հայաստանը, որը մենք սիրում ենք և ամբողջությամբ ընդունում։ Որովհետև Եվրոպայի մյուս ծայրում, օվկիանոսի կողմում, երբեք մի մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ձեր երկիրը և ձեր ժողովրդին և միշտ նայում են նրան որպես կրտսեր քույր, որը մեզ շատ բան է տվել և որի կողքին մենք միշտ կլինենք։ Մենք միմյանց ձեռք ենք մեկնում։ Սա ձեր ընտրած եվրոպական ապագան է»,- ասել է նախագահ Մակրոնը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում