Ֆրանսիայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակությունը մայիսի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Մակրոնին ուղեկցել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Երկու երկրների նախագահները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
«Հյուրերը մոտեցել են Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Էքսկուսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրել է նրանց անունմերը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսիացիներ Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեությանը: Այցի ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- հայտնում են թանգարան-ինստիտուտից:
Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից հետո Ֆրանսիայի նախագահն իր սոցիալական էջերում հայերենով գրել է.
«Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»:
Կազմակերպություն
Իրադարձություն











