Գևորգ Թոսունյան
80-ամյա թեկնածուից մինչև թատրոնի դերասան ու պաշտոնյաներ․ 2026-ի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց թիմերը։ Սոցիոլոգիական տարբեր հարցումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները առաջատար են։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս կուսակցությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրացուցակները և առանձնացրել թեկնածուների զբաղվածության, տարիքի և գենդերային բաշխվածության վերաբերյալ տվյալները։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը, ինչպես ակնկալվում էր, պաշտոնյաների բացարձակ գերիշխանությամբ ցուցակ է, իսկ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը կարելի է անվանել «էներգետիկների ցուցակ»։ Այստեղ ներկայացված են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների ներկայացուցիչները, «Գազպրոմ Արմենիա»-ի, «Հրազդան ՋԷԿ»-ի և այլ ընկերությունների աշխատակիցներ։
«Ուժեղ Հայաստան»
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը։ Ցուցակում 199 թեկնածու է։
Թեկնածուների կեսը՝ 99 թեկնածու, տարբեր ընկերությունների ղեկավար օղակներում է աշխատում, իսկ նրանց զգալի մասը ներկայացնում է էներգետիկ ոլորտը («Գազպրոմ Արմենիա», «Հրազդան ՋԷԿ»,, «Էներգանորոգում», «Էներգոստրոյ» ՓԲԸ և այլն)։
Թեկնածուների մեծ մասը՝ 131 հոգի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է։ Ցուցակում կա 17 անկուսակցական թեկնածու, ինչպես նաև 27 թեկնածու, որոնք ներկայացնում են «Միավորված հայեր» կուսակցությունը, 22 թեկնածու՝ «Նոր դարաշրջան» կուսակցությունը, և 2 թեկնածու՝ «Ապրելու երկիրը» (Սյուզաննա Ավետիսյանն ու Դավիթ Մանուկյանը)։
Ցուցակում ամենատարեցը -ամյա Հրաչիկ Հակոբջանյանն է «Միավորված հայեր» կուսակցությունից, որը հանգրվանել է 181-րդ տեղում։ Նա աշխատանք չունի։ Ամենաերիտասարդը ցուցակի 29-րդ համարն է՝ 21-ամյա Շիրազ Մանուկյանը՝ «Հայ գործարարների ասոցիացիա» ՀԿ-ի նախագծային աշխատանքների համակարգող։
Ընդհանուր առմամբ, այս ցուցակում աշխատանք չունեցողների թիվը 48 է։ Ցուցակի չորս ներկայացուցիչ տարբեր համայնքների ավագանու անդամ է։ Կանայք ցուցակում 70-ն են կամ 35 տոկոսը։
«Քաղաքացիական պայմանագիր»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը բաղկացած է 283 թեկնածուից։ Ցուցակն առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդում են կառավարության առանցքային անդամները։
Գործազուրկներն այս ցուցակում ընդամենը 10-ն են։ Ցուցակի գերակշիռ մասը՝ ավելի քան 250 թեկնածու, պետական մարմիններից է: Ցուցակում 23 հոգի ավագանու անդամ են կամ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ճնշող մեծամասնությունը (274 հոգի) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և միայն 9-ն են անկուսակցական (որոնց թվում է, օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը)։ Ցուցակում կա մեկ դերասան՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնից Գոռ Համբարձումյանը, ինչպես նաև մեկ դասախոս ԵՊՀ-ից՝ Նելլի Բավեյանը։
Ցուցակի ամենատարեց թեկնածուն ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն է (69 տարեկան), որը 149-րդն է, իսկ ամենաերիտասարդը՝ Արտաշատի ավագանու անդամ, 26-ամյա Սյուզաննա Սայադյանը՝ 69-րդ համարը։
Կանայք այս ցուցակում 104-ն են կամ շուրջ 37 տոկոսը։
Վերջինը՝ ցուցակում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վերջին՝ 199-րդ համարի թեկնածուն Էլմիրա Եղյանն է՝ «ԶՈՐ-ԱԳԱՏԱ» ՍՊԸ վաճառքի մենեջերը։ «Քաղաքացիական պայմանագրի» վերջին՝ 283-րդ համարը Արշալույս Վարդանյանն է՝ Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան վարժարանի տնօրենի տեղակալը։










