Գլխավոր Լրահոս

Աշխարհագրական սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի գերազանց դիրք. Փաշինյան

Աշխարհագրական սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի գերազանց դիրք. Փաշինյան

Քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ և երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Այս մասին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին Երևանում  ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների  ժամանակ:

«Մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե Հայաստանի Հանրապետությունը գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում։ Եվ այսօր շատ խորհրդանշական էր լսել Եվրամիության գործընկերներից, որ Հայաստանի Հանրապետությունը գերազանց աշխարհագրական դիրք ունի և մասնավորապես՝ գտնվում է արևելքի և արևմուտքի միջև կամ արևելքը և արևմուտքն իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա։ Սրանով թերևս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, և այս ձևակերպումներն արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք միևնույն տեղում գտնվելով, բնականաբար, երկիրը որևէ տեղ չի շարժվել, քաղաքական գործընթացների արդյունքում պատմական աշխարհագրական վատ և երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Աշխարհագրական այն դիրքից, որը ծառայում էր կամ օգտագործվում էր մեր բոլոր պրոբլեմները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է և պիտի ակնհայտորեն ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականն իրագործելու համար։ Սա, իրապես, պատմական փոփոխություն է»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտնել է, որ  Եվրոպական Միության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ 

«Սովորաբար նախորդող ողջ շրջանում, անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետությունը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա Եվրոպական Միությունն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին, ներդրողներին ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի համար  պատմական փոփոխություններ են տեղի ունեցել նաև էներգետիկ ոլորտում:

«Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն համարվել է էներգետիկ ռեսուրսների տեսակետից սահմանափակ, այսինքն՝ էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր, և այդ առումով, բնականաբար, դասվել է էներգետիկ կախյալ երկրների շարքը։ Բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը։ Սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, և ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին, կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։

Իհարկե, սրանք էներգետիկ ոլորտում արվող առաջին և առաջիկա քայլերն են։ Բայց պիտի նաև արձանագրեմ, որ կուտակիչ այլ տեխնոլոգիաներ կան, որոնք հենված են ջրի ցերեկային կուտակման և գիշերային ժամերի օգտագործման վրա։ Իհարկե, մենք Եվրամիության հետ աշխատում ենք նաև կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և այլ հնարավոր ուղղություններով։ Բայց ռազմավարական առումով մենք համոզված ենք, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում, Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև կարող է էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի զարգացնել»,- հայտնել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում