Հայաստանը չի վերածվելու ծայրագավառի. Սիմոնյանի արձագանքը՝ Մինսկին

Հայաստանը չի վերածվելու ծայրագավառի և շարունակելու է բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը, մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Բելառուսի արտաքին գործերի նախարարության հղած բողոքի նոտային և ընդգծելով, որ Բելառուսի կառավարման մոդելն անընդունելի է պաշտոնական Երևանի համար։
«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է, իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»,- ասել է Սիմոնյանը։
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է․ «Գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին խիստ բողոք և նոտա է հղվել հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ Մինսկից չեն մանրամասնել, թե որոնք են հայկական կողմի «ոչ բարեկամական գործողությունները»։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա մարզ և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Լրագրողի հարցին, արդյոք Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են էլ ավելի վատացնել Բելառուսի հետ առանց այն էլ վատ Հարաբերությունները, ԱԺ նախագահը նշել է․
«Ես կարծում եմ` Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները, և էլի, էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները։ Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է, Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք մի քիչ այլ ճանապարհ: Ոչ այնպիսին, ինչպիսին Հայաստանը»։
***
Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցից և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։ Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քանի դեռ Լուկաշենկոն իշխանության գլուխ է, ոչ մի հայ պաշտոնյա չի այցելի Մինսկ։











