Ապրիլի 23-ին Կենդանաբանական այգու դիմաց տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Դատախազը մայիսի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
Համացանցում տարածվում են ապրիլի 23-ին Կենդանաբանական այգու դիմաց տեղի ունեցած շղթայական ավտովթարի տեսանյութերը։ Միջադեպի հեղինակը 19-ամյա Վարդան Մարկոսյանն է։ Տեսանյութերից մեկում, որն արվել է մեքենայի սրահից, երևում է, թե ինչպես է երիտասարդը մեծ արագությամբ և չթույլատրված հատվածում վազանց կատարում՝ պնդելով, թե մեկ այլ վարորդ փորձում է մրցել իր հետ։ Նա հայտարարում է, թե ցանկանում է «նվաստացնել» այդ վարորդին, սակայն այդ պահին բախվում է կանգառում կայանած հանրային տրանսպորտին։
Այս դեպքը հանրային դժգոհություն է առաջացրել հատկապես այն պատճառով, որ վթարից հետո երիտասարդի մասնակցությամբ սոցիալական ցանցերում նոր տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նա ոգևորված պատմում է կատարվածի մասին, հեգնում ու ծաղրում երթևեկության մյուս մասնակիցներին։
Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ ապրիլի 23-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները կամ կանոնները խախտելը)։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Վարդան Մարկոսյանը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է վարորդական իրավունքը կասեցված վիճակում։ Այս փաստի առթիվ նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձի կողմից մեքենա վարելը)։ Երկու վարույթները միացվել են մեկ վարույթում, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։











