Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանների վճռաբեկ բողոքները։ Այս մասին հայտնում է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Այսպիսով, Նավասարդյանի նկատմամբ սահմանված 1 տարի 6 ամիս ազատազրկման դատավճիռն ուժի մեջ է մտել։
Տուժող կողմը պահանջում էր խստացնել պատիժը՝ այն հասցնելով 4 տարվա ազատազրկման, իսկ Նավասարդյանի պաշտպանները պահանջում էին արդարացնել նրան։
Վերաքննիչ քրեական դատարանը 2026-ի մայիսի 19-ին մերժել էր երկու կողմերի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Կողմերը դիմել էին Վճռաբեկ դատարան։
«Համոզմունք ունեմ, որ հետագայում ևս ամենաբարձր մակարդակով արվելու է ամեն ինչ, որպեսզի մեղադրյալը չկրի նույնիսկ դատավճռով նշանակված ակնհայտ մեղմ ու անհամաչափ պատիժը»,-գրել է Րաֆֆի Ասլանյանը։
2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող մեքենան վրաերթի էր ենթարկել 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին։ 28-ամյա կինը և նրա չծնված երեխան մահացել էին։
2025 թվականի օգոստոսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել մեքենայի վարորդ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրան նույն ժամկետով զրկել էին նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։











