Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը թողնվել է անփոփոխ

Վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի և մահվան գործով օգոստոսի 18-ի դատավճիռը մնացել է անփոփոխ։ Նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը։ Բողոքը ներկայացրել էր պաշտպանական կողմը։
Օգոստոսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալին՝ վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանին, դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման։ Վճիռը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Բացի այդ, Նավասարդյանը 1,5 տարով պետք է զրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Նավասարդյանը ներկայում, այսինքն՝ դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած պայմաններում, շարունակում է մնալ ազատության մեջ, և մեքենա վարելու իրավունքից չի զրկվել։
Սոնա Մնացականյանի մահվան գործով վաղեմության ժամկետը լրանալու է 2027-ի ապրիլին։ Նույն տրամաբանությամբ այն կարող է բողոքարկվել մինչև Վճռաբեկ դատարան, և ինչպես առաջին ատյանում գործի քննությունը տևեց շուրջ 3 տարի, այնպես էլ այս ատյաններում տեսականորեն հնարավոր է, որ վճռի վերանայումը ձգվի։
***
2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջ վրաերթից հետո, սակայն, ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին, և փորձ չարվեց նրան տեղափոխել հիվանդանոց։
Գործով ձերբակալվեց Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը. նա հետագայում ազատության մեջ մնաց։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտավ դատարան։
Դատարանում հաստատված մեղադրանքի համաձայն՝ Արամ Նավասարդյանը կատարել է հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից և խախտելով երթևեկության կանոնները. նա վարել է մեքենան շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով թույլատրելի 100 կմ/ժ սահմանը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացությամբ՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։
Կազմակերպություն










