Գլխավոր Լրահոս

ԲԴԽ-ն թույլատրել է դատավորներ Մելքոնյանի և Պողոսյանի քրեական հետապնդումը, կասեցրել լիազորությունները

ԲԴԽ-ն թույլատրել է դատավորներ Մելքոնյանի և Պողոսյանի քրեական հետապնդումը, կասեցրել լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կասեցրել նրանց լիազորությունները՝ մինչև քրեական վարույթների ավարտը։ Այս մասին նշվում է ԲԴԽ-ի նոյեմբերի 14-ի երկու որոշումներում։

Խորհուրդը նոյեմբերի 13-ին և 14-ին դռնփակ նիստերում քննել է գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի ներկայացրած միջնորդությունները։ Նոյեմբերի 14-ին դրանք բավարարվել են, ինչի հիման վրա էլ որոշվել է կասեցնել երկու դատավորների լիազորությունները։

Հրապարակված որոշումներում չի նշվում, թե ինչ ենթադրյալ հանցագործությունների կամ դատական որոշումների հետ են կապված քրեական վարույթները։

Ավելի վաղ դատախազությունը հաստատել էր երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ԲԴԽ դիմելու փաստը, սակայն չէր հրապարակել նրանց անուններն ու միջնորդությունների բովանդակությունը՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը և դատական իշխանության հեղինակության պահպանման անհրաժեշտությունը։

Ինչ գործերով են հայտնի դատավորները

Մասիս Մելքոնյանը վերջին տարիներին քննել է հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործեր։ Նրա որոշումներով 2025 թվականի հունիսին երկու ամսով կալանավորվել են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նույն թվականի դեկտեմբերին Մելքոնյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Մելքոնյանի որոշումները վերջին շրջանում քննարկումների առիթ են դարձել նաև «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի գործով։ Դատավորը նրա կալանքը փոխարինել էր տնային կալանքով, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ որոշումները։ Հոկտեմբերի 29-ին վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր Մելքոնյանի որոշումը, և Ստեփանյանը կալանավորվել էր։

2025-ի հուլիսին ԲԴԽ-ն Մելքոնյանին նկատողություն էր հայտարարել մեկ այլ գործով թույլ տրված դատավարական խախտումների համար։

Գևորգ Պողոսյանի քննած գործերից է ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայող Նարեկ Երիմյանի գործը։ 2021 թվականի դեկտեմբերին դատավորը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր որոշումը, և Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր բողոքը՝ զինծառայողի նկատմամբ կիրառելով երկամսյա կալանք։

Պողոսյանը 2021-ին կալանավորելու որոշում էր կայացրել նաև Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ։

Դատավորների նախկին որոշումների և ներկայիս քրեական վարույթների միջև կապի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

ԲԴԽ-ի նոյեմբերի 14-ի որոշումները վերաբերում են դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնությանը և նրանց լիազորությունների կասեցմանը։ Հրապարակված փաստաթղթերում դատավորների նկատմամբ կալանք կիրառելու որոշումների մասին տեղեկություն չի նշվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում