Գլխավոր Լրահոս

Շաքիում ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել. գործը մտել է դատարան

Շաքիում ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել. գործը մտել է դատարան

Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, ըստ մեղադրանքի, բնակելի տանը վեց կրակոց է արձակել, որոնցից մեկը դիպել է տան բնակչուհի Անի Ավետիսյանին։ Նա մեղադրվում է նաև երկու անչափահասի ազատությունից ապօրինի զրկելու և գույք հափշտակելու համար։ Այս մանրամասները ներկայացված են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրանքի շարադրանքում։

Ըստ մեղադրանքի՝ Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը։

Այդ ժամանակ նա ծառայություն էր իրականացնում Ադրբեջանի Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։ Մուսաևը Ադրբեջանի զինված ուժերում ժամկետային ծառայության էր անցել 2026-ի հունվարի 28-ին։

Սահմանը հատելիս նա իր մոտ ունեցել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, 140 մարտական և 10 անգնդակ փամփուշտ, ինչպես նաև սվին-դանակ։ Ըստ մեղադրանքի՝ նա զենքն ու ռազմամթերքն առանց մաքսային հսկողության տեղափոխել է Հայաստանի տարածք, որտեղ շարունակել է ապօրինի պահել և կրել դրանք։

Հայաստանի տարածք անցնելուց հետո Մուսաևը հասել է Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի, բնակիչների կամքին հակառակ մուտք է գործել առանձնատներից մեկը։

Մեղադրանքի համաձայն՝ նա տնից հափշտակել է 12 հազար դրամ արժողությամբ «Xiaomi» հեռախոս, 5 հազար դրամ արժողությամբ սմարթ ժամացույց, մեկ տաբատ, 9 հազար դրամ, բանկային քարտ և տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ։ Տան փաստացի սեփականատեր Անի Ավետիսյանին պատճառված գույքային վնասը գնահատվել է 26 հազար դրամ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել այնտեղ բնակվող երկու անչափահասները՝ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանները։

Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը ինքնաձիգով սպառնացել է նրանց, ստիպել նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել բջջային հեռախոսները։ Նա նաև երեխաներին պարտադրել է մնալ հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով տնից դուրս գալու և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Այդ ընթացքում երեխաների մայրը՝ Անի Ավետիսյանը, դստեր հետ հեռախոսազրույցից տեղեկացել է, որ տանը զինված մարդ կա, և վերադարձել է բնակարան։

Մեղադրանքի համաձայն՝ Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, երեխաների կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, բնակարանում ինքնաձիգից վեց կրակոց է արձակել։

«Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին»,- նշված է մեղադրանքի շարադրանքում։

Ըստ փաստաթղթի՝ Անի Ավետիսյանը ստացել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ձախ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչի հետևանքով առաջացել է ծավալուն արյունահոսություն։ Արձանագրվել են նաև ձախ դաստակի առաջին մատի մասնակի անդամահատում, մյուս մատների վնասվածքներ և մարմնի տարբեր հատվածների քերծվածքներ ու արյունազեղումներ։

Մեղադրանքի համաձայն՝ դեպքից հետո Մուսաևը փախուստի է դիմել և թաքնվել Շաքիի 6-րդ փողոցի մեկ այլ տան հարակից անասնագոմում, որտեղ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։

Նոյեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Նոյեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ գործն ուղարկվել է դատարան։

Շաքիի դեպքը քննարկվել էր նաև Ազգային ժողովում։ Նոյեմբերի 5-ին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փակ քննարկում էր անցկացրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ալեն Սիմոնյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի մասնակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում