Գլխավոր Լրահոս

Դավիթ Իշխանյանը ևս Բաքվի բանտից դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Դավիթ Իշխանյանը ևս Բաքվի բանտից դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման, Բաքվի բանտից հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանին։ Իշխանյանը, տեղեկանալով Ռուբեն Վարդանյանի նմանատիպ դիմումի մասին, կոչ է անում պաշտպանին ցուցաբերել վճռականություն և այց կազմակերպել Բաքվում պահվող հայ գերիներին։

Բացի այցելության կոչից, Իշխանյանը ներկայացրել է կոնկրետ խնդրանք՝ կապված իր և մյուս բանտարկյալների դատական գործընթացների թափանցիկության հետ։ Նա խնդրում է ՄԻՊ-ին միջնորդել Ադրբեջանի պատկան մարմինների կամ իր ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի իր ընտանիքին փոխանցվեն մեղադրական ակտերի և դատավճիռների ամբողջական տեքստերը՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով։

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ»,- Բաքվից ընտանիքի հետ հեռախոսազրույցում ասել է Իշխանյանը։

Նա ընդգծել է, որ քննությունն ու դատավարությունն ընթացել են միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով։

Իշխանյանի հայտարարությանը նախորդել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կոչը։ Նա ապրիլի 21-ին դիմել էր Մանասյանին Բաքու այց կազմակերպելու խնդրանքով։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել էր Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում հայ բանտարկյլաներին այց կազմակերպելու կոչին՝ նշելով, որ այդ գործառույթը իր ղեկավարած կառույցի լիազորությունների մեջ չէ։

«ՄԻՊ լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա»,- ասվում էր Անահիտ Մանասյանի գրասենյակի տարածած պարզաբանման մեջ։

Վարդանյանը նշել էր, որ Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևան պատրաստակամություն է հայտնել նպաստելու նման այցին, սակայն հայկական կողմը դեռևս չի իրականացրել այդ նախաձեռնությունը։

Ի պատասխան՝ Հաայստանի ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ պաշտպանը Բաքվում գերիներին այցելելու մանդատ չունի և տարակուսանք է հայտնել ադրբեջանական կողմի հետ ենթադրյալ պայմանավորվածությունների վերաբերյալ՝ նշելով, որ որևէ պաշտոնական առաջարկ չեն ստացել։

Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ բանտարկյալ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում