Ինչպես է «Սրտացավ Հայաստան» էջը վճարովի գովազդներով թիրախավորում Սամվել Կարապետյանին

Սոցցանցերում տարածվում է գրառում, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է. «Պետք է ամեն գնով օգնենք մեր դաշնակից Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում»։ Գրառումը, որը հրապարակվել է «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջում, արդեն հավաքել է հազարավոր հավանումներ, մեկնաբանություններ ու տարածումներ։ Սակայն կա մեկ խնդիր․ Սամվել Կարապետյանը նման հայտարարություն երբեք չի արել։

Ֆեյսբուքյան էջում Սամվել Կարապետյանի լուսանկարը նրան վերագրվող այս խոսքերով տարածվել է մայիսի 2-ին։ Գրառումն ունի շուրջ 7000 հավանում, 2300 մեկնաբանություն և 450 տարածում։ Այս լուսանկարը հետագայում տարածվել է նաև ֆեյսբուքյան այլ էջերի կողմից։
Երկու հազարից ավելի հետևորդ ունեցող «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջը առաջին հայացքից աչքի է ընկնում «Ուժեղ Հայաստան» դաշինքին և նրա ղեկավար Սամվել Կարապետյանին աջակցող գրառումներով, սակայն սա միայն առաջին հայացքից։ Էջի բովանդակությունն ու պատմությունը հուշում են, որ այն տարածում է քողարկված հակաքարոզչական և մանիպուլյատիվ բովանդակություն։

Սամվել Կարապետյանը նման հայտարարություն չի արել, ֆեյսբուքյան էջը լի է մանիպուլյատիվ այլ բովանդակությամբ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով հերքել է, թե իրենց առաջնորդը երբևէ նման հայտարարություն է արել. «Սա ՔՊ-ի կողմից սարքած էջ է…Սամվել Կարապետյանն այսպիսի բան չի ասել»։ Կարապետյանը նշում է, որ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ դեռ իր հարցերը պետք է լուծի և ուրիշ երկրի հացերով զբաղվելու կարիք չկա։
Factor.am-ի մեր գործընկերն էլ պարզել են, որ Սամվել Կարապետյանը Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ-ին օգնելու մասին որևէ հայտարարություն չի արել։
Սակայն սա էջի միակ մանիպուլյատիվ հրապարակումը չէ։ Էջում տարածվել է նաև տեսանյութ, որտեղ իբր Սամվել Կարապետյանն ու «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ձեռք են սեղմում։ Տեսանյութի վրա գրված է՝ «Միասին կարող ենք»։ Իրականում այն ստեղծվել է արհեստական բանականության գործիքներով։
Որպես հիմք օգտագործվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառը, որը AI-ի միջոցով ձևափոխվել է՝ ստեղծելով կեղծ տեսանյութ և լուսանկարներ Քոչարյանի ու Կարապետյանի մասնակցությամբ։ «Միասին կարող ենք»-ը «Հայաստան» դաշինքի նախընտրական կարգախոսն է։

Հատկանշական է, որ էջի այս հրապարակումների վրա միացված է նաև վճարովի գովազդ։ Ի սկզբանե՝ 2026-ի փետրվարին, գովազդով տարածվել են Նարեկ Կարապետյանի և «Մեր ձևով» շարժման վերաբերյալ դրական բովանդակությամբ գրառումներ․ դրանցից յուրաքանչյուրի առաջխաղացման համար, ըստ Meta-ի գովազդային գրադարանի, ծախսվել է մինչև 100 դոլար։
Այս մեխանիզմը կարող է ծառայել էջին վստահելի և «աջակցող» հարթակի տեսք տալու համար, որպեսզի հետագայում տարածվող մանիպուլյատիվ կամ կեղծ բովանդակությունը օգտատերերի կողմից ընկալվի որպես նույն քաղաքական ուժին աջակցող միջավայրից եկող տեղեկատվություն։

Այնուհետև ապրիլին էջը գովազդով սկսել է տարածել Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ կեղծ լուսանկարն ու AI-ով ստեղծված տեսանյութը։ Հատկանշական է, որ միայն այդ տեսանյութի առաջխաղացման համար ծախսվել է 500-599 դոլար։

Ներկայում էջում ակտիվ է մեկ գովազդ՝ Սամվել Կարապետյանի վերոնշյալ լուսանկարը՝ նրան վերագրված կեղծ խոսքերով։ Ըստ Meta-ի գովազդային գրադարանի՝ այս գրառման առաջխաղացման համար ծախսվել է 100-199 դոլար։
«Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջի անցյալը
«Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջի թափանցիկության բաժնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն բացվել է 2023թ. օգոստոսին, մի քանի անգամ փոխել անվանումը՝ «Սրտացավ Հայաստան», ապա՝ «Սրտացավ Հայաստան կուսակցություն» և նորից նախնական տարբերակին վերադարձել։ Էջի վարողների գտնվելու վայրը նշված է Հայաստան։
Ներկայում էջում տեսանելի են միայն «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ հրապարակումները և որևէ այլ գրառում չկա։ Սակայն էջի թափանցիկության և գովազդների արխիվը հնարավորություն է տալիս տեսնել դրա տարածած նախկին գրառումները ևս։
Պարզվում է՝ էջը բավական գումարներ է ծախսել՝ գովազդների միացման և քողարկված հակաքարոզչության համար ոչ միայն սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ, այլ «աշխատել» է նաև 2025-ի մարտին՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների շրջանում։ Այդ ընթացքում էջում հրապարակվել են ընդդիմադիր թեկնածուներին թիրախավորող գրառումներ, որոնց առաջխաղացման համար բազմիցս միացվել է վճարովի գովազդ՝ մեծացնելով դրանց հասանելիությունն ու տարածումը։

Հետաքրքրական է նաև, որ էջի գովազդների արխիվում առկա են 2025-ի նոյեմբերին հրապարակված գրառումներ, որոնք վերաբերում են Վաղարշապատի ընտրությունների շրջանին։ Այս դեպքում, սակայն, գովազդով տարածվել են «#ՔՊ7» հեշթեգով հրապարակումներ և «Քաղաքացիական պայմանագրին» պատկանող civic.am-ի տեսանյութեր, որոնցում դրական կերպով ներկայացվում է կուսակցության թեկնածուն։

Ըստ Meta-ի գովազդային գրադարանի՝ «Սրտացավ Հայաստան» էջը առնվազն 19 գովազդային հրապարակման առաջխաղացման համար ծախսել է ավելի քան 2500 դոլար։ Սակայն իրական ծավալները կարող են ավելի մեծ լինել, քանի որ հնարավոր է՝ նախկինում հրապարակված որոշ գրառումներ և գովազդներ հետագայում ջնջվել են ինչպես էջից, այնպես էլ Meta-ի գովազդային գրադարանից:
Այսպիսով, «Սրտացավ Հայաստան» էջը ոչ միայն տարածել է Սամվել Կարապետյանին վերագրված կեղծ հայտարարություն և AI-ով ստեղծված բովանդակություն, այլ նաև վճարովի գովազդներով առաջխաղացրել տարբեր ընդդիմադիր ուժերին և գործիչներին թիրախավորող հրապարակումներ։
Նելլի Լազարյան
CivilNetCheck










