Գլխավոր Լրահոս

Վրաստանի ազգային բանկը 2022-ից ի վեր առաջին անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8,25 տոկոսի

Վրաստանի ազգային բանկը 2022-ից ի վեր առաջին անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8,25 տոկոսի

Լուսանկարը՝ OC Media-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի ազգային բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8,25 տոկոսի։ 2022-ից ի վեր Վրաստանն առաջին անգամ է խոստացնում դրամավարկային քաղաքականությունը՝ արձագանքելով Իրանում իրավիճակով պայմանավորված գնաճային ճնշումներին։

Ազգային բանկը հաղորդում է, որ տոկոսադրույքը բարձրացվել է 0,25 տոկոսային կետով։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների շարունակվող խափանումները, աշխարհում առաջացրել են առաջարկով պայմանավորված գնաճի նոր ալիք։ Էներգակիրների միջազգային գների աճն արդեն հանգեցրել է Վրաստանում վառելիքի թանկացմանը՝ նպաստելով ընդհանուր գնաճի բարձրացմանը։

«Մենք որոշեցինք բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թեկուզ փոքր չափով, ինչը հստակ արտահայտված կանխարգելիչ բնույթ ունի»,- ասել է Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։

Տարեկան գնաճն ապրիլին հասել է 5,9 տոկոսի՝ ավելի հեռանալով Ազգային բանկի 3 տոկոս թիրախից։ Բազային գնաճը, որը չի ներառում սննդամթերքը, էներգակիրներն ու ծխախոտը, կազմել է 3,2 տոկոս, իսկ ծառայությունների գնաճը՝ 3,7 տոկոս՝ վկայելով խորքային գնաճային ճնշումների աճի մասին։

Չնայած այս մարտահրավերներին՝ Վրաստանի տնտեսությունը պահպանել է կայունությունը, իսկ 2026-ի սկզբին գրանցվել է ուժեղ աճ։ Մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 10,7 տոկոսով, իսկ առաջին եռամսյակում՝ 9,1 տոկոսով՝ հիմնականում բարձր արտադրողականությամբ ոլորտների հաշվին, որոնք օգնել են մեղմել պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների մի մասը։

Ազգային բանկը նշել է, որ գնաճի հետագա միտումները շարունակում են մնալ խիստ անորոշ և մեծապես կախված կլինեն աշխարհաքաղաքական զարգացումներից։ Թեև բանկի հիմնական սցենարը ենթադրում է առաջիկա ամիսներին լարվածության աստիճանական թուլացում, ռիսկերը շարունակում են թեքված մնալ դեպի գնաճի խորացում, հատկապես եթե մատակարարումների խափանումները պահպանվեն և ավելանան։

Դրամավարկային քաղաքականության կոմիտեն զգուշացրել է, որ երկարաձգվող աշխարհաքաղաքական անկայունությունը կարող է էլ ավելի բարձրացնել հումքային ապրանքների գները և խորացնել մատակարարման շղթաների խափանումները՝ ուժեղացնելով գնաճային ճնշումները Վրաստանում։ Հակառակ դեպքում՝ ավելի արագ կարգավորումը կարող է մեղմել համաշխարհային գների ճնշումը և նպաստել գնաճի ավելի արագ նվազմանը։

Այս անորոշությունները հաշվի առնելով՝ Ազգային բանկը հայտարարել է, որ տոկոսադրույքի բարձրացումն անհրաժեշտ քայլ էր գնաճային սպասումները խարսխելու և երկրորդային ազդեցությունների ռիսկը սահմանափակելու համար։ Բանկը հավելել է, որ եթե գնաճը շարունակի աճել կամ սպասվածից ավելի կայուն բնույթ ստանա, կարող են դիտարկվել նաև հետագա բարձրացումներ։

Դրամավարկային քաղաքականության կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2026-ի հունիսի 17-ին։

Տեղական քաղաքացիական հասարակության «Հասարակություն և բանկեր» կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Գիորգի Կեպուլաձեի խոսքով՝ գնաճը վերջին երկու տարվա ամենաբարձր մակարդակում է, իսկ Ազգային բանկի 3 տոկոս թիրախի վրա ազդել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը։ Նա հավելել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կթանկացնի վարկերը։

«Գնաճի արագացումը մինչև 5,9 տոկոս ուղղակի սպառնալիք է բնակչության գնողունակությանը, ինչը պահանջում է Կենտրոնական բանկի համապատասխան արձագանք։ Եթե գների աճի տեմպը չդանդաղի, չի բացառվում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է էլ ավելի բարձրացվել»,- OC Media-ին ասել է նա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում