Գլխավոր Լրահոս

Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Իվանիշվիլիի նախկին գործընկերը

Բիձինա Իվանիշվիլին (ձախից) և Գիորգի Ուձիլաուրին (աջից), 2016

Բիձինա Իվանիշվիլին (ձախից) և Գիորգի Ուձիլաուրին (աջից), 2016

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է այլ պետության օգտին լրտեսության մեղադրանքով պետական պաշտոնյայի ձերբակալության մասին։ Իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ ձերբակալվածը Գիորգի Ուձիլաուրին է՝ Ֆինանսների նախարարության արդեն նախկին աշխատակից, որն աշխատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած Cartu Group կոնգլոմերատում։

Ըստ՝ ՊԱԾ-ի տարածած հայտարարության՝ ձերբակալվածը զբաղեցրել է «բարձր պաշտոն» պետական մի կառույցում և «երկրի շահերին հակառակ» համակարգված կերպով հավաքել ու փոխանցել տեղեկություններ օտարերկրյա հետախուզական ծառայությանը։

«Փոխանցված տեղեկությունները ներառում էին տարբեր տեսակի գաղտնի տվյալներ՝ կապված Վրաստանում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացների, իրավապահ ու անվտանգության կառույցներում տիրող իրավիճակի, էթնիկ և կրոնական փոքրամասնություններին վերաբերող տեղեկությունների, ինչպես նաև տեղեկատվություն ստացող կողմերին հետաքրքրող այլ տվյալների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարճ ժամանակ անց իշխանամետ Rustavi 2 հեռուստաընկերությունը հաղորդեց, որ ձերբակալվածը Ուձիլաուրին է, որը վերջին շրջանում ղեկավարում էր Ֆինանսների նախարարության քննչական ծառայության բաժիններից մեկը։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 2016-2017-ին Ուձիլաուրին ղեկավարել է Իվանիշվիլիի Cartu Group-ի հանրային կապերի բաժինը։

Միևնույն ժամանակ Rustavi 2-ը և մեկ այլ իշխանամետ հեռուստաալիք՝ Imedi-ն, հայտնել են, որ ձերբակալվածը լրտեսել է «եվրոպական պետություններից մեկի» օգտին։

ՊԱԾ-ը հաստատել է OC Media-ին, որ ձերբակալվածի անունը Գիորգի Ուձիլաուրի է։ Գերատեսչությունը չի մեկնաբանել մյուս մանրամասները, այդ թվում՝ իշխանամետ մեդիայի հղումները «եվրոպական պետությանը»։

Ուձիլաուրիին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել մայիսի 6-ին։

Որպես նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության քննադատ և «Վրացական երազանքի» աջակից՝ Ուձիլաուրին նախկինում բազմիցս մասնակցել է հեռուստատեսային հաղորդումների։ Սակայն վերջին տարիներին նա նվազեցրել էր հանրային ակտիվությունը։ Նրա հանրային վերջին ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա քննադատում էր ՄԱՇ-ի ընտրական թեկնածուներից մեկին, հրապարակվել է 2017-ին։

Այնուամենայնիվ, համացանցում դեռ կարելի է գտնել 2021-ի նյութեր, որտեղ նա որպես հյուր մասնակցում է իշխանամետ POSTV-ի հաղորդմանը, որը վարում էր իշխող կուսակցության քարոզիչ Շալվա Ռամիշվիլին։

Ուձիլաուրիին սպառնում է երկարատև ազատազրկում

ՊԱԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցչի հետ պահպանել է «բարձր կազմակերպված, գաղտնի և համակարգված կապեր»։

«Հանդիպումները կազմակերպվել են կոդավորված երկկողմ հաղորդակցության միջոցով և անցկացվել տարբեր վայրերում՝ նախապես խիստ համաձայնեցված գաղտնիության պայմաններում։ Տեղեկատվության փոխանցումն իրականացվել է ինչպես անձնական հանդիպումների, այնպես էլ էլեկտրոնային միջոցների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

ՊԱԾ-ը նաև նշել է, որ ենթադրյալ հանցավոր գործունեության ընթացքում ձերբակալվածն օգտագործել է մինչ կալանավորումը զբաղեցրած պաշտոնը, ինչպես նաև նախկինում ունեցած պաշտոններն ու անձնական կապերը տարբեր պետական կառույցներում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալվածը ներգրավված է եղել նաև «տեղեկատվական հարթակների» ստեղծման մեջ, որոնց նպատակն էր ներգրավել մեդիայի ներկայացուցիչների և այդ ուղիով ձեռք բերել հետախուզական բնույթի տեղեկություններ, այդ թվում՝ «տարածաշրջանի երկրների» վերաբերյալ։

Մեղավոր ճանաչվելու դեպքում Ուձիլաուրիին սպառնում է 8-12 տարվա ազատազրկում։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ՊԱԾ-ը հայտարարել է ենթադրյալ լրտեսության հետ կապված ևս երկու ձերբակալության մասին։

Ապրիլի 25-ին գերատեսչությունը հայտնել էր իր նախկին աշխատակցի և ՆԳՆ գործող աշխատակցի ձերբակալության մասին՝ «ՊԱԾ-ից գաղտնի տեղեկություններ դուրս բերելու» մեղադրանքով։

Ավելի վաղ՝ ապրիլի 22-ին, գերատեսչությունը հայտնել էր, որ ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, որը օտարերկրյա հետախուզական ծառայությունների հանձնարարությամբ հավաքել և փոխանցել է տեղեկություններ։

Ոչ մի հայտարարության մեջ գերատեսչությունը չի նշել, թե որ երկրի օգտին էին մեղադրյալները ենթադրաբար լրտեսում, սակայն իշխանամետ լրատվամիջոցները հայտնել էին, որ ապրիլի 22-ի ձերբակալությունը կապված էր Ռուսաստանի հետ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում