Արարատի մարզի դատախազն ազատվել է աշխատանքից

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Այս պաշտոնանկությունը տեղի է ունենում Վեդիում անչափահասների նկատմամբ անառակաբարո արարքի վերաբերյալ վարույթի ակտիվացումից հետո։
Մայիսի 7-ին էլ Ներքին գործերի նախարարությունից էին հայտնել, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։
Երեկ ՔԿ-ից նաև տեղեկացրել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով երկու անձ է ձերբակալվել, և նրանց նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել։
Փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (որը տառապում է «մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք։
Քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (երեք դրվագ)։
Մայիսի 6-ին այս դեպքին Ազգային ժողովում անդրադարձել էր նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ անչափահասների նկատմամբ անառակաբարո արարքի վերաբերյալ վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։
«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,- ասել էր Վարդապետյանը։
Տեղադրություն










