Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Ավինյանի կողմից ֆոտոխցիկ նվիրելու դեպքը

Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ նվիրելու դեպքը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին կոմիտեից։
Մայիսի 8-ին՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը Տիգրան Ավինյանը հրապարակել էր լուսանկար երկտասարդ աղջկա հետ և նշել, որ նրան ֆոտոխցիկ է նվիրել։ Radar Armenia-ն թելեգրամյան ալիքով տարածել էր Տիգրան Ավինյանի լուսանկարն ու մեջբերել խոսքը։ Ավելի ուշ Ավինյանն ու Ռադար Արմենիան հեռացրել են գրառումները։

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ իրականցնող Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վերահաստատել էր, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել․
«Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասել էր Ավինյանը։
Factor TV-ի դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքել էր․«Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։ Հարցին՝ նախընտրական փուլում նվեր տալը խնդրահարույց չի՞ համարում, Ավինյանը բացասական պատասխան է տվել։
«Չեմ կարծում, որ խնդրահարույց է, եթե խոսքը մի բանի մասին է, որը մեկ ու կես տարի առաջ պետք է տեղի ունենար։ Մենք դեռ պետք է ներողություն խնդրենք, որ պատշաճ չի արվել»,-ասաց Աինյանը։
Դեպքի մասին գրել էր նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, որի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել բարեգործության արգելքը խախտելու համար։ Նրա նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։
Ղումաշյանը կոչ է արել «Անկախ դիտորդ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ ուշադրություն դարձնել Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն տեսախցիկ նվիրելու փաստին։










