Երևանի քաղաքապետարանն արդեն Ներքին գործերի նախարարությանն է փոխանցում երթևեկության խախտումների տեսագրություններ, որոնց հիման վրա իրավախախտները տուգանվում են։ Քաղաքային իշխանություններն աշխատում են գործընթացն ավտոմատացնելու և արձանագրվող խախտումների թիվն ավելացնելու ուղղությամբ։ Այս մասին նոյեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր խնդիրն է ֆիքսել այն խախտումները, որոնք որ ստեղծում են երթևեկության ընդհանուր հոսքի խնդիր»,- ասել է Ավինյանը։
Նա առանձնացրել է խաչմերուկները փակելու և դրանց հարևանությամբ ավտոմեքենաները կայանելու դեպքերը՝ ընդգծելով, որ քաղաքապետարանի ենթակառուցվածքները պետք է առաջին հերթին ծառայեն նման խախտումների արձանագրմանը։
«Կան իրավախախտումներ, մենք պետք է առանձնացնենք իրավախախտումներ, որոնք որ ազդում են հոսքի վրա և ազդում են էականորեն, նրանք պետք է պատժվեն խստորեն»,- հայտարարել է Ավինյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև սխալ կայանված ավտոմեքենաների տեղափոխման համար նախատեսված քարշակների անբավարար թվին։ Նրա գնահատմամբ՝ երկու, երեք կամ նույնիսկ չորս քարշակը բավարար չէ նման խախտումների դեմ արդյունավետ պայքարելու համար։
Ավինյանն առաջարկել է ՆԳՆ-ի հետ քննարկել ծառայությունն արտապատվիրակելու կամ այլ եղանակով կազմակերպելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ օրենսդրական լուծումների առկայության դեպքում պետք է դիտարկել հունվարից նոր մեխանիզմի կիրառումը։
Ավտոբուսային առանձնացված գծեր
Քաղաքապետը հայտարարել է, որ ավտոբուսների և տրոլեյբուսների համար առանձնացված գծերի ներդրումը պետք է շարունակվի արագացված տեմպերով։ Նրա խոսքով՝ այս հարցով հանրային քննարկումների նպատակը ոչ թե գծերի անհրաժեշտությունը որոշելն է, այլ քաղաքացիներին նախատեսվող փոփոխությունների մասին տեղեկացնելը և հնարավոր ավելի արդյունավետ առաջարկներ ստանալը։
«Սա դրվում է ոչ թե հանրային քննարկման, որ քննարկենք՝ արդյոք այս գծերը ունենալու ենք, թե ոչ, այլ հակառակը, սա դնում ենք քննարկման, որպեսզի տեղեկացնենք մարդկանց և միգուցե ինչ-որ մարդիկ ավելի օպտիմալ բաներ առաջարկեն»,- ասել է Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ Բաղրամյան պողոտայում նոյեմբերի 13-ից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Նախատեսվում է «Փարքինգ Սիթի Սերվիսի» միջոցով տեսախցիկներ տեղադրել՝ ավտոբուսային առանձնացված գծեր մուտք գործող ավտոմեքենաների խախտումները հայտնաբերելու և վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով։
Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքների ընթացքը գնահատելուց հետո հնարավոր կլինի հստակեցնել դրանց ավարտի ժամկետները։
Ավտոմեքենաների հնարավոր սահմանափակումները
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երևանի մուտքերի և կենտրոն տանող հատվածներում տեսախցիկների տեղադրման ծրագրին։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հերքել է պնդումները, թե քաղաքապետարանը պատրաստվում է մարզերից ավտոմեքենաների մուտքն արգելել Երևան։
«Դա բացարձակ սուտ է»,- հայտարարել է Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ քաղաքային իշխանությունները խոսել են ավտոմեքենաներից հանրային տրանսպորտ տեղափոխվելու հնարավորություն ստեղծելու, ոչ թե նման անցումը պարտադրելու մասին։
Ավինյանն իր հերթին հստակեցրել է, որ ավտոմեքենաների նկատմամբ հնարավոր պարտադիր սահմանափակումները պետք է պայմանավորված լինեն դրանց տեսակով և արտանետումներով, ոչ թե սեփականատիրոջ կամ վարորդի բնակության վայրով։
«Պարտադրանքը չի վերաբերելու երևանաբնակներին թե մարզաբնակներին։ Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենայի տեսակին, կախված իր արտանետումների ծավալից և մեր առողջությանը հասցված վնասի ծավալից»,- ասել է քաղաքապետը։
Նա հավելել է. «Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և իր տեսակին, բացարձակապես մարդու բնակության հասցեն կապ չի ունենալու դրա հետ»։
Քաղաքապետը չի ներկայացրել հնարավոր սահմանափակումների կոնկրետ չափանիշները, կիրառման գոտիները կամ ժամկետները։
Ավինյանը հանձնարարել է երթևեկության հնարավոր կարգավորումների փաթեթը հանրային քննարկման ներկայացնել նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով։
Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովում 2027-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քաղաքապետը պնդել էր, որ առանց ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումների հնարավոր չէ լուծել մայրաքաղաքի խցանումների խնդիրը։
«Առանց սահմանափակումների մենք չենք կարող ունենալ որևէ լուծում»,- հայտարարել էր քաղաքապետը՝ շեշտելով հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալու անհրաժեշտությունը։












