«Առաջին հարցը, որ մենք պետք է քննարկենք, Երևան քաղաքում երթևեկող ավտոմեքենաների բուն քանակային սահմանափակումն է»,- նոյեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով երթևեկության հնարավոր կարգավորումները դնել հանրային քննարկման։
Քաղաքապետի խոսքով՝ Երևանում մարդատար ավտոմեքենաների թիվը տարեցտարի արագ աճում է, մինչդեռ սահմանափակումներ չկան հին արտադրության և մեծ քանակությամբ վնասակար նյութեր արտանետող մեքենաների համար։ Ավինյանը մասնավորապես մատնանշել է ազոտի երկօքսիդի՝ NO₂-ի արտանետումների վտանգը մարդկանց առողջության համար։
Նա պնդել է, որ մեքենաների մեծ քանակն արդեն սահմանափակում է քաղաքացիների տեղաշարժը և խոչընդոտում հանրային տրանսպորտի աշխատանքը։
«Ես ուզում եմ պնդել, որ այսօր մենք ապրում ենք սահմանափակումների պայմաններում, որովհետև այս քանակի ավտոմեքենաները արդեն իսկ բոլորիս սահմանափակել են և ամենավատը, որ սահմանափակել են հանրային տրանսպորտը»,- հայտարարել է Ավինյանը։
Քաղաքապետի գնահատմամբ՝ պիկ ժամերին ավտոբուսների և տրոլեյբուսների ուշացումները պայմանավորված են ոչ թե դրանց անբավարար քանակով, այլ փողոցների ծանրաբեռնվածությամբ։ Նրա խոսքով՝ մեծաթիվ մարդատար ավտոմեքենաների պատճառով հանրային տրանսպորտը չի կարողանում ժամանակին հասնել կանգառներ, ինչի հետևանքով գոյանում են հերթեր։
Ավինյանն առաջարկել է հանրային քննարկման ներկայացնել հնարավոր կարգավորումներ, որոնք կվերաբերեն նաև մայրաքաղաքը տարբեր գոտիների բաժանելուն և ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են նաև այլ փոփոխություններ, որոնց մի մասը դուրս է քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության իրավասության շրջանակից։
Քաղաքապետը հնարավոր կարգավորումներից մեկն է համարել նաև երեխաների՝ բնակության վայրից հեռու դպրոց հաճախելու հարցի վերանայումը։
«Եթե դու բնակվում ես Նորքում և որոշում ես այնուամենայնիվ, որ դպրոցը լավն է Մալաթիա-Սեբաստիայում, արդյոք պետությունը քեզ այդ հնարավորությունը պետք է տա։ Ես կարծում եմ՝ ոչ։ Որովհետև երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ որ ոտքով կարող է հասնի»,- ասել է Ավինյանը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ բոլոր դպրոցներում պետք է ապահովել կրթության միևնույն որակը։ Քաղաքապետի կարծիքով՝ երեխաները հիմնականում պետք է դպրոց հաճախեն իրենց բնակության կամ ծնողների աշխատանքի վայրին մոտ։
«Մեր երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ որ մենք ապրում ենք կամ միգուցե չգիտեմ մեր աշխատանքի վայրն է։ Եվ սա էլ պետք է դրվի հանրային քննարկման»,- հայտարարել է Ավինյանը։
Քաղաքապետը խցանումների պատճառներից է համարել նաև վարորդների վարքագիծը՝ քննադատելով երկրորդ շարքում կանգնելու, խաչմերուկները փակելու և երթևեկության կանոնների այլ խախտումները։ Նրա գնահատմամբ՝ ավտոմեքենաների թվի աճի պայմաններում յուրաքանչյուր նման խախտում շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում երթևեկության վրա, քան տասը տարի առաջ։
Ավինյանն անդրադարձել է նաև պարեկային ծառայության ծանրաբեռնվածությանը։ Նրա կարծիքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում պարեկները պետք է առաջին հերթին ապահովեն ճանապարհի արագ ազատումը՝ չզբաղվելով վթարի մասնակիցների մեղավորության և վնասի փոխհատուցման հարցերով։
«Պարեկային ծառայությանը մենք այնքան օրենսդրական անիմաստ ծանրաբեռնվածություն ենք ավելացրել, որ այս մարդիկ իրենց ամենակարևոր ֆունկցիան չեն հասցնում կատարել»,- ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։
Անդրադառնալով խցանումների և մայրաքաղաքում կառուցապատման ծավալների կապի մասին քննադատություններին՝ Ավինյանը պնդել է, որ նոր շենքերի կառուցումն ինքնաբերաբար չի հանգեցնում մեքենաների և բնակչության թվի ավելացման։ Նրա գնահատմամբ՝ հիմնական պատճառներն են տնտեսական աճը, աշխատատեղերի ավելացումը և բնակչության տեղափոխությունը Երևան, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակեցումը մայրաքաղաքում։
«Երևան քաղաքում շարժունակությունը շենքերը չեն ստեղծում, աշխատատեղերն են ստեղծում»,- հայտարարել է նա՝ անհրաժեշտ համարելով մարզերում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև աշխատատեղերի ստեղծումը։
Քաղաքապետը պաշտպանել է նաև շինարարության ներկայիս ծավալները՝ պնդելով, որ նոր բնակարանների կառուցումը մեղմում է անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գների աճը։ Նրա խոսքով՝ շինարարության համար 2023 թվականից կիրառվող տուրքերի հաշվին քաղաքապետարանը կառուցել և բարեկարգել է բակեր, ճանապարհներ, խաղադաշտեր և այլ ենթակառուցվածքներ։
Ավինյանը ներկայացրել է նաև հանրային տրանսպորտի ուղևորափոխադրումների աճի տվյալները։ Նրա խոսքով՝ 2016 թվականի առաջին տասը ամիսներին Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է մոտ 12-13 միլիոն, իսկ 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 23 միլիոն ուղևորափոխադրում։
Քաղաքապետի ներկայացրած տվյալներով՝ հանրային տրանսպորտում, ներառյալ մետրոպոլիտենը, օրական միջինում գրանցվում է մոտ 530 հազար վավերացում։ Նրա գնահատմամբ՝ տասը տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է մոտ 60-70 տոկոսով։
Ավինյանը հայտնել է նաև, որ երթևեկության կառավարման կենտրոնի և արհեստական բանականության նոր գործիքների միջոցով հավաքագրվում են տվյալներ, որոնք պետք է օգտագործվեն հնարավոր լուծումների մշակման համար։
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ պետք է ամփոփվի, թե մոտավորապես ինչ փուլերով են նախատեսվում գործողությունները։ Քաղաքապետը նշել է, որ նույնիսկ քաղաքապետարանի իրավասությունից դուրս գտնվող կարգավորումները պետք է ներկայացվեն հանրային քննարկման և բարձրաձայնվեն փոխվարչապետի՝ երթևեկության կառավարման աշխատանքային խմբում։
Ավտոմեքենաների քանակային սահմանափակման կոնկրետ մեխանիզմը, կիրառման տարածքը և ժամկետները Ավինյանը չի հստակեցրել։
***
Երևանում մարդատար ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումների անհրաժեշտության մասին Ավինյանը խոսել էր նաև ավելի վաղ։
Հունիսի 12-ին Ազգային ժողովում քաղաքապետը հայտնել էր, որ իրականացվող ուսումնասիրությունների հիման վրա պետք է որոշվեն մարդատար ավտոմեքենաների համար հնարավոր սահմանափակումների տեսակներն ու կիրառման գոտիները, ինչպես նաև ավտոբուսային և տրոլեյբուսային առանձնացված գծերի տեղակայումը։ Այն ժամանակ Ավինյանը նախատեսում էր նախնական պատկերը ստանալ սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ ծրագիրն իրականացնել 2027 թվականին։
Նոյեմբերի 9-ին՝ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, քաղաքապետը կրկին հայտարարել էր, որ առանց մարդատար ավտոմեքենաների համար որոշակի սահմանափակումների հնարավոր չէ լուծել մայրաքաղաքի խցանումների խնդիրը։
«Առանց սահմանափակումների մենք չենք կարող ունենալ որևէ լուծում»,- ասել էր Ավինյանը՝ շեշտելով հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալու և ավտոբուսային առանձնացված գծերն ավելացնելու անհրաժեշտությունը։
Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետը պարզաբանել էր, որ մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց իշխանությունների օրակարգում չկա։ Նրա խոսքով՝ քննարկվող սահմանափակումները վերաբերում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում մարդատար ավտոմեքենաների տեղաշարժին։












