«2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում»․ մայիսի 9-ի ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ արդեն երկու տարի հայ-ադրբեջանական հրաձգությունների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ սահմանամերձ բնակավայրերը ապրում են «հրաձգություններից զերծ միջավայրում»։ Վարչապետը սա անվանել է Հայաստանի անկախությունից ի վեր «կարևորագույն ձեռքբերում»։
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի առթիվ իր ուղերձում Փաշինյանը նաև անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ նշելով, որ հայ ժողովուրդը տեսանելի ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում՝ մասնակցելով թե՛ խորհրդային, թե՛ արևմտյան դաշնակիցների բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում։
Նա նշել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի 81-ամյակը նշվում է «միջազգային բարդ պայմաններում» և ընդգծել, որ անհրաժեշտ է հիշել մարդկությանը ֆաշիզմի հասցրած աղետները և դատապարտել դրա բոլոր դրսևորումները։
«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը եւ դատապարտել այդ երեւույթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց»։












