Թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միությունից․ սա վերաբերում է թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ վերամշակող արդյունաբերությանը, թե՛ մաքսային ու այլ տուրքերին, թե՛ միգրացիոն և այլ ոլորտներին։
«Մենք պետք է հաշվի առնենք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների համար։ Օրինակ, չնայած մեր առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ նվազել է անցյալ տարի, բայց, այնուամենայնիվ, այն կազմել է 7 միլիարդ դոլար։ Հաշվի առնելով, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, դա նշանակալի թիվ է»։
Պուտինի կարծիքով՝ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի հնարավորինս շուտ որոշում կայացնել ԵՄ-ին միանալու վերաբերյալ։
«Մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հասկանալ, թե ինչպիսին է հայ քաղաքացիների ընտրությունը։ Մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ բաժանման: Ի վերջո, մենք այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցողին: Բայց ինչպե՞ս սկսվեց այդ ամենը՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությամբ կամ անդամակցության փորձով: Դա առաջին փուլն էր, պարզապես առաջին փուլը»,- ասել է Պուտինը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը կաջակցի հայ ժողովրդի համար օգտակար որոշումներին։
«Մենք դարեր շարունակ հատուկ հարաբերություններ ենք ունեցել հայ ժողովրդի հետ, և եթե որևէ որոշում օգուտ է բերում հայ ժողովրդին, մենք չենք դեմ լինի դրան», - ասել է Ռուսաստանի նախագահը։
2025-ի մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը: Այս տարվա ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:












