Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդարանին ուղղված Ադրբեջանի նախագահի քննադատությունը «ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակ է»։
«Երևանում ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որի նախագահը սուր քննադատեց Եվրոպական խորհրդարանին՝ երկրի դեմ ընդունված մի շարք հայտարարությունների և բանաձևերի կապակցությամբ». Այսպիսի բնութագրում է տվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Երևանում Եվրոպական համայնքի գագաթնաժողովին Եվրոպական խորհրդարանին ուղղված ադրբեջանական քննադատությանը։
WHAT DIDN’T FIT INTO THE PRESS CONFERENCE LIVESTREAM.
— Robert Fico 🇸🇰 (@RobertFicoSVK) May 9, 2026
Just a few hours ago, I concluded my visit to Moscow. This week, I also managed to attend the summit in Armenia, visit Bavaria, and I am pleased with the good news for Slovakia. pic.twitter.com/FM6yJ0o33f
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 30-ին ընդունել էր բանաձև, որը ներառում էր նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց և պատանդների «անարդար կալանքը» և նրանց ազատ արձակումը։ Բանաձևը վերահաստատում էր նաև աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին։
Ֆիցոյի խոսքով՝ Ալիևը «ճշմարտությունն է ասել, երբ նշել է, որ Եվրոպական խորհրդարանը պետք է նախ և առաջ եվրոպական խնդիրներով զբաղվի․․․ ստեր տարածելու և ուրիշների գործերին խառնվելու փոխարեն»։
Նա Սլովակիայի անունից նույն ուղերձն է հղել Եվրոպական խորհրդարանին՝ հաշվի առնելով վերջերս ընդունված «գլուխգործոցը», որով Եվրոպական հանձնաժողովին առաջարկվում է Բրատիսլավային Եվրամիության ֆոնդային հատկացումներ չտրամադրել։
Ֆիցոյին X-ի գրառմամբ արձագանքել է Իլհամ Ալիևը՝ երախտագիտություն հայտնելով սլովակ գործընկերոջը Ադրբեջանի մասին «ճշմարիտ և արժեքավոր» խոսքերի համար։

«Բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը», - նշել է Ալիևը։
Ի դեպ, Սլովակիայի վարչապետը տեսանյութը նկարահանել էր Մոսկվայից Սլովակիա ճանապարհին։ Նա Եվրամիության միակ ներկայացուցիչն է, որն այցելել էր Մոսկվա՝ Հաղթանակի օրվա 81-ամյակը նշելու համար։ Ֆիցոն ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, բայց չի մասնակցել Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին։ Ավելի ուշ Սլովակիայի վարչապետը հանդիպել էր Վլադիմիր Պուտինի հետ։
Այցի համար նրան քննադատել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Ռոբերտ Ֆիցոն գիտի, որ մեր կարծիքները տարբերվում են այս հարցի շուրջ։ Ես խորապես ցավում եմ դրա համար, և մենք նրա հետ կքննարկենք նրա Մոսկվա կատարած այցը», - ասել է Մերցը։












