Գլխավոր Լրահոս

Հնդկաստանի PRAHAAR-ը․ Նյու Դելիի հակաահաբեկչական նոր խաղադրույքը

Հնդկաստանի PRAHAAR-ը․ Նյու Դելիի հակաահաբեկչական նոր խաղադրույքը

2026-ի փետրվարին ներկայացված Հնդկաստանի PRAHAAR դոկտրինը երկրի առաջին համապարփակ հակաահաբեկչական շրջանակն է, որը Հնդկաստանի անվտանգության քաղաքականությունը վերափոխում է համակարգված, հետախուզական տվյալների վրա հիմնված ռազմավարության։ Քանի որ ահաբեկչական ցանցերը գնալով ավելի շատ են օգտագործում թվային հարթակները, ծովային ուղիներն ու անդրազգային կապերը, PRAHAAR-ը Հնդկաստանին հնարավորություն է տալիս ավելի մեծ դեր խաղալ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում հակաահաբեկչական համագործակցության ամրապնդման գործում։ Հնդկաստանի «Միջազգային հետազոտությունների Ռաջարաթնամ դպրոց» (Rajaratnam School of International Studies) վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցը ներկայացնում է ռազմավարության հիմնական տարրերը։ Զեկույցի հեղինակը՝ Ջասմինդեր Սինգհը, Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի (Nanyang Technological University) հետազոտող է։

Ասիայում ահաբեկչությունը վաղուց արդեն հատել է ազգային սահմանների շրջանակը։ Զինյալ ցանցերը, թվային քարոզչական էկոհամակարգերը և ապօրինի ֆինանսավորման ուղիները այժմ ազատ գործում են Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարբեր հատվածներում՝ Քաշմիրից մինչև Մինդանաոյի հակամարտության գոտիները կապելով ծովային միջանցքների, կոդավորված հաղորդակցությունների և անդրազգային հանցավոր ցանցերի միջոցով։ Սակայն կառավարությունների արձագանքը շարունակում է մնալ մասնատված՝ ավելի շատ պայմանավորված ներքին առաջնահերթություններով, քան համակարգված տարածաշրջանային ռազմավարություններով։ Անդրազգային սպառնալիքների և ազգային սահմաններով սահմանափակված արձագանքների այս անհամապատասխանությունը շարունակում է կառուցվածքային խոցելիություններ ստեղծել ամբողջ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Հնդկաստանի նոր հակաահաբեկչական դոկտրինը՝ PRAHAAR-ը, նպատակ ունի հաղթահարել այս անհավասարակշռությունը։ 2026-ի փետրվարին ներկայացված PRAHAAR-ը Նյու Դելիի առաջին համապարփակ ազգային հակաահաբեկչական շրջանակն է։ Այն հիմնված է յոթ հիմնասյուների վրա՝ սպառնալիքների կանխարգելում, սպառնալիքներին արձագանք, ներքին կարողությունների համախմբում, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն, ահաբեկչությունն ու արմատականացումը խթանող պայմանների թուլացում, միջազգային ջանքերի համադրում, ինչպես նաև վերականգնում և դիմակայունություն։ Դոկտրինը նախկինում աստիճանաբար ձևավորվող մոտեցումները վերածում է կառուցակարգված և ապագային միտված ռազմավարության։ Թեև այն հիմնականում նախատեսված է Հնդկաստանի ներքին անվտանգության համակարգն ամրապնդելու համար, դրա հետևանքները դուրս են Հարավային Ասիայի սահմաններից և հատկապես վերաբերում են Հարավարևելյան Ասիային։

Դոկտրինը ներկայացվում է մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանային սպառնալիքների միջավայրը գնալով ավելի բարդ է դառնում։ Չնայած Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» տարածքային պարտությանը և Ինդոնեզիայում «Ջեմաա Իսլամիա»-ի պաշտոնական լուծարմանը, ջիհադական ցանցերը շարունակում են պահպանել կենսունակությունը։ Վերադարձող օտարերկրյա մարտիկները, առցանց արմատականացման ուղիների տարածումը և ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության մեծացող սերտաճումը վերափոխել են տարածաշրջանային անվտանգության պատկերը։ Այս համատեքստում PRAHAAR-ը ցույց է տալիս, որ Հնդկաստանը մտադիր է ոչ միայն պաշտպանվել ահաբեկչությունից, այլև ավելի ակտիվ դեր ստանձնել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակաահաբեկչական ավելի լայն համակարգի ձևավորման գործում։

Արձագանքելու քաղաքականությունից դեպի ռազմավարական դոկտրին

Հնդկաստանի հակաահաբեկչական քաղաքականությունը ձևավորվել է ճգնաժամերին արձագանքելու արդյունքում, այլ ոչ թե կանխամտածված ռազմավարական նախագծման միջոցով։ Խոշոր հարձակումները, այդ թվում՝ 2001-ին Հնդկաստանի խորհրդարանի վրա հարձակումը, 2008-ի Մումբայի ահաբեկչական գործողությունները և 2025-ի Փահալգամի հարձակումը, որոնք կապվում էին Պակիստանում տեղակայված ահաբեկչական խմբավորումների՝ «Լաշքար-ե-Թայբա»-ի, «Ջայշ-ե-Մոհամմադ»-ի և «Դը Ռեզիստենս Ֆրոնտ»-ի հետ, բացահայտեցին լուրջ խոցելիություններ հետախուզական տվյալների փոխանակման, ճգնաժամային համակարգման և հետաքննական կարողությունների ոլորտներում։ Դրանց հետևեցին ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես՝ Ազգային հետաքննական գործակալության ստեղծումն ու հետախուզական համակարգման մեխանիզմների ընդլայնումը։ Սակայն այս քայլերը հիմնականում մնացին արձագանքային՝ զուրկ համապարփակ ռազմավարական շրջանակից։

PRAHAAR-ը փորձում է լուծել այս խնդիրը՝ Հնդկաստանի մոտեցումը համախմբելով դոկտրինային համակարգի մեջ։ Դրա առանցքում անցումն է հետախուզական տվյալների վրա հիմնված հակաահաբեկչական քաղաքականության, որի հիմքում կանգնած են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Բազմագերատեսչական կենտրոնը (Multi-Agency Centre) և Հետախուզության համատեղ օպերատիվ խումբը (Joint Task Force on Intelligence)։ Դոկտրինը իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման և հետախուզական տվյալների համադրման ինստիտուցիոնալացման միջոցով նպատակ ունի փակել այն գործառնական բացերը, որոնք նախկինում թույլ էին տալիս, որ հարձակումները մնան չբացահայտված։

Գործառնական մակարդակում PRAHAAR-ը որդեգրում է բազմաշերտ արձագանքման մոդել։ Տեղական ոստիկանությունը հանդես է գալիս որպես առաջին արձագանքող ուժ՝ ստանալով նահանգային մասնագիտացված ստորաբաժանումների և կենտրոնական ուժերի աջակցությունը։ Բարձր ազդեցություն ունեցող միջադեպերի դեպքում արագ միջամտություն են իրականացնում էլիտար ստորաբաժանումները, ինչպիսին է Ազգային անվտանգության գվարդիան, իսկ Ազգային հետաքննական գործակալությունը համակարգում է հետաքննությունները։ Այս մոտեցումը շեշտը դնում է ոչ թե կենտրոնացման, այլ համակարգման վրա՝ արտացոլելով Հնդկաստանի դաշնային կառուցվածքը և միաժամանակ փորձելով հաղթահարել երկարամյա բյուրոկրատական մասնատվածությունը։

Ոչ պետական դերակատարներ և փոփոխվող սպառնալիքներ 

Պակիստանի հետ կապվող ոչ պետական դերակատարների շարունակական գործունեությունը մնում է Հնդկաստանի հակաահաբեկչական քաղաքականության հիմնական շարժիչներից մեկը և ընդգծում է PRAHAAR-ի կարևորությունը։ Փաստերը ցույց են տալիս, որ այս ցանցերը ստատիկ չեն, այլ գնալով ավելի հարմարվող են դառնում։ Օրինակ՝ ահաբեկչության ֆինանսավորման մեխանիզմները զգալիորեն փոխվել են՝ աճող կախվածությամբ թվային դրամապանակների և կրիպտոարժույթների միջոցով իրականացվող կոդավորված փոխանցումներից, ինչը բարդացնում է դրանց հայտնաբերումն ու վերահսկումը։

Կազմակերպչական մակարդակում նույնպես նկատվում են ընդլայնման և բազմազանեցման նշաններ։ Հաղորդվում է, որ «Ջայշ-ե-Մոհամմադ»-ն ընդլայնել է իր հավաքագրման բազան՝ ստեղծելով հատուկ կանանց թև՝ «Ջամաաթ-ուլ-Մոմինաթ»-ը, ինչը վկայում է ավելի լայն հասարակական ներթափանցման և գաղափարական ազդեցության ձգտման մասին։ Միևնույն ժամանակ «Լաշքար-է-Թայբա»-ն ուժեղացրել է իր գործառնական կարողությունները՝ ընդլայնելով պատրաստության ծրագրերը և ստեղծելով մասնագիտացված ջրային ուժերի ստորաբաժանում, որը կենտրոնացած է ծովային հմտությունների վրա։ Սա ցույց է տալիս ծովային ուղիներով ներթափանցման և տարածաշրջանային շարժունակության նկատմամբ աճող ուշադրությունը։

Այս զարգացումները հաստատվում են նաև միջազգային ավելի լայն գնահատականներով։ 2026-ի Global Terrorism Index-ը Պակիստանը դասում է որպես ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկիր, մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցը շարունակում է այն դիտարկել որպես բազմաթիվ զինյալ խմբավորումների և՛ գործողությունների բազա, և՛ թիրախ։ Այս միտումները միասին մատնանշում են ավելի բարդ և բազմաչափ զինյալ միջավայրի ձևավորումը՝ ապակենտրոնացված, տեխնոլոգիապես հագեցած և ավանդական մեթոդներով ավելի դժվար վերահսկելի։

Օրենք, լեգիտիմություն և արմատականացման կանխարգելում

Բացի գործառնական կարողություններից, PRAHAAR-ը մեծ ուշադրություն է դարձնում լեգիտիմությանն ու կառավարմանը։ Հնդկաստանի «Ապօրինի գործունեության կանխարգելման մասին» օրենքը (Unlawful Activities Prevention Act) շարունակում է մնալ երկրի հակաահաբեկչական շրջանակի առանցքային բաղադրիչը, որը նպաստում է ահաբեկչության ֆինանսավորման, լոգիստիկ ցանցերի և թվային քարոզչության դեմ ուղղված ավելի լայն բարեփոխումներին։

Կարևոր է, որ դոկտրինը հակաահաբեկչական գործողություններում բացահայտորեն ներառում է օրենքի գերակայության սկզբունքները։ Այն շեշտադրում է պատշաճ իրավական ընթացակարգերը, ուժի համաչափ կիրառումը և ինստիտուցիոնալ վերահսկողությունը՝ արտացոլելով անվտանգության պահանջներն ու ժողովրդավարական հաշվետվողականությունը հավասարակշռելու փորձը։ Սա հատկապես կարևոր է մի տարածաշրջանում, որտեղ կոշտ և անհամաչափ մեթոդները կարող են ավելի խորացնել արմատականացումը։

PRAHAAR-ը նաև ընդունում է, որ ահաբեկչության դեմ պայքարի երկարաժամկետ արդյունավետությունը կախված է արմատական պատճառների հաղթահարումից։ Այն ընդգծում է համայնքային ներգրավվածության, ապաարմատականացման ծրագրերի և սոցիալական նպատակային միջամտությունների կարևորությունը, որոնք միտված են նվազեցնելու ծայրահեղական գաղափարախոսությունների նկատմամբ խոցելիությունը։ Սա ցույց է տալիս անցում դեպի ավելի ամբողջական, ամբողջ հասարակությունն ընդգրկող մոտեցում։

Հարավարևելյան Ասիան և ավելի խոր համագործակցության անհրաժեշտությունը

Հարավային և Հարավարևելյան Ասիայի անվտանգության միջավայրերը խորապես փոխկապակցված են։ Հարավային Ասիան երկար ժամանակ ծառայել է որպես Հարավարևելյան Ասիայում գործող զինյալ ցանցերի գաղափարական և գործառնական կենտրոն։ Իր հերթին Հարավարևելյան Ասիան ապահովում է հավաքագրման ռեսուրսներ, լոգիստիկ ուղիներ և ծովային միջանցքներ, որոնք պահպանում են տարածաշրջանի ծայրահեղական էկոհամակարգերը։ Այս փոխկախվածությունները լրացուցիչ ուժեղանում են տեխնոլոգիական փոփոխությունների հետևանքով։

Կոդավորված հաղորդակցման հարթակները, ապակենտրոնացված թվային ցանցերը և կրիպտոարժույթների վրա հիմնված ֆինանսավորումը զինյալ խմբավորումներին հնարավորություն են տվել աննախադեպ արագությամբ և անանունությամբ համակարգել գործողությունները, հավաքագրել անդամներ և ռեսուրսներ փոխանցել սահմաններից դուրս։ Արմատականացումը գնալով ավելի հաճախ տեղի է ունենում առցանց՝ հաճախ կապելով տարբեր տարածաշրջանների անհատների և ցանցերի։

Այս համատեքստում PRAHAAR-ը առանձնացնում է Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև գործնական համագործակցության մի շարք ուղղություններ։ Հետախուզական տեղեկատվության փոխանակումը հիմնական առաջնահերթություններից է, քանի որ այն կարող է ուժեղացնել վաղ նախազգուշացման համակարգերը և խափանել անդրազգային ցանցերի գործունեությունը։ Մեկ այլ կարևոր ոլորտ է ծովային անվտանգությունը, հատկապես Անդամանյան ծովում և հարակից ջրային տարածքներում, որոնք ծառայում են որպես զենքի, թմրանյութերի և զինյալների տեղափոխման ուղիներ։

Նույնքան կարևոր է թվային համագործակցությունը։ Հնդկաստանի զարգացող կիբեռկարողություններն ու տեխնոլոգիական էկոհամակարգը նրան դարձնում են արժեքավոր գործընկեր առցանց ծայրահեղականության դեմ պայքարում, կոդավորված հաղորդակցությունների վերահսկման և կրիպտոարժույթների միջոցով իրականացվող ֆինանսավորման ցանցերի հայտնաբերման գործում։

Դեպի տարածաշրջանային հակաահաբեկչական ճարտարապետություն

Ռազմավարական մակարդակում PRAHAAR-ը արտացոլում է Հնդկաստանի ձգտումը ավելի ակտիվ դեր խաղալու Հնդկա-խաղաղօվկիանոսյան անվտանգության համակարգի ձևավորման մեջ։ Իր «Act East» քաղաքականության շրջանակում Նյու Դելին հետևողականորեն ընդլայնել է պաշտպանական և հետախուզական համագործակցությունը ASEAN-ի անդամ երկրների հետ՝ համատեղ զորավարժությունների, վերապատրաստման նախաձեռնությունների և ինստիտուցիոնալ երկխոսությունների միջոցով։

Հակաահաբեկչությունն այժմ աստիճանաբար դառնում է այս ներգրավվածության առանցքային ուղղություններից մեկը։ Համապարփակ դոկտրինի ձևակերպմամբ Հնդկաստանը ազդարարում է անցում՝ ժամանակավոր և իրավիճակային երկկողմ համագործակցությունից դեպի ավելի կառուցակարգված և, հնարավոր է, ինստիտուցիոնալացված տարածաշրջանային շրջանակ։ PRAHAAR-ի հաջող իրականացումն ապահովելու համար Հնդկաստանը պետք է հաղթահարի իր անվտանգության կառույցների միջև առկա միջգերատեսչական մրցակցությունը։ Մյուս կարևոր խնդիրը քաղաքականության համազգային կիրառումն ապահովելն է, ինչը պահանջելու է արդյունավետ համակարգում դաշնային և նահանգային կառավարությունների միջև։

. . .

Եթե PRAHAAR-ը արդյունավետ իրականացվի, այն կարող է հիմք դառնալ Հնդկաստան–Հարավարևելյան Ասիա ավելի ինտեգրված հակաահաբեկչական գործընկերության համար։ Նման շրջանակը ոչ միայն կուժեղացնի տարածաշրջանի դիմակայունությունը ծայրահեղական սպառնալիքների նկատմամբ, այլև կնպաստի ավելի լայն անվտանգության ճարտարապետության ձևավորմանը, որը կկարողանա արձագանքել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ահաբեկչության գնալով ավելի փոխկապակցված և տեխնոլոգիական բնույթին։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում