Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա․ Փաշինյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա․ Փաշինյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին Երևանում նախընտրական քարոզարշավի ընթացքում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։ Պուտինը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։

«Ես համաձայն չեմ  ապահարզան ձևակերպման հետ։ Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ և մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ, ինչպես մյուս անդամները, և քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել։ Նաև հանրաքվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք հարգանքով են  վերաբերվում ԵԱՏՄ գործընկերներին, և ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությանը։ Նա շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի և փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված հարաբերություններն են։

«Մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին։ Մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության պետական շահերով, և մենք շարունակելու ենք խորացնել և զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում»,- ասել է վարչապետը։

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։  

«Մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հասկանալ, թե ինչպիսին է հայ քաղաքացիների ընտրությունը։ Մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ բաժանման: Ի վերջո, մենք այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցողին: Բայց ինչպե՞ս սկսվեց այդ ամենը՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությամբ կամ անդամակցության փորձով: Դա առաջին փուլն էր, պարզապես առաջին փուլը»,- ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը կաջակցի հայ ժողովրդի համար օգտակար որոշումներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում