Հայաստանում գործարկվել է YouTube-ի մոնետիզացիան

Սիրանուշ Ադամյան
Հայաստանում պաշտոնապես գործարկվել է YouTube-ի Գործընկերային ծրագիրը (YouTube Partner Program), ինչի արդյունքում հայաստանյան օգտատերերի համար հասանելի է դարձել հարթակի մոնետիզացիան։ Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան-ը։
«Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում»,- գրել է նախարարը։
Ծրագրի գործարկումը նշանակում է, որ Հայաստանում գրանցված YouTube ալիքները կարող են եկամուտ ստանալ հարթակից՝ գովազդների, բաժանորդագրությունների, Super Chat-երի, Shorts-ի դիտումների և այլ գործիքների միջոցով։ Մինչ այժմ հայաստանյան բազմաթիվ հեղինակներ ստիպված էին օգտվել այլ երկրների գրանցումներից կամ շրջանցիկ մեխանիզմներից՝ իրենց բովանդակությունը մոնետիզացնելու համար։
ՏՏ ոլորտի մասնագետ Արթուր Պապյանը Ֆեյսբուքում գրել է, որ YouTube-ի մոնետիզացիան պաշտոնապես մեկնարկել է Հայաստանում և ներկայացրել առաջին մակարդակի մոնետիզացիայի նվազագույն պահանջները։
Ըստ Պապյանի՝ ալիքը պետք է ունենա․
առնվազն 500 բաժանորդ,
վերջին 90 օրում առնվազն երեք հանրային վերբեռնում,
վերջին 365 օրում 3,000 ժամ հանրային դիտում,
կամ վերջին 90 օրում 3 միլիոն Shorts դիտում։
ԲՏԱ նախարարը ծրագրի նախապատրաստական մեկնարկի մասին հայտարարել էր դեռ փետրվարին, իսկ մայիսի 11-ին թե՛ նախարարությունը, թե՛ YouTube-ի պաշտոնական բլոգը հաստատել են ծրագրի գործարկումը։
Մոնետիզացիայի հասանելիությունը կարող է էական ազդեցություն ունենալ հայկական թվային միջավայրի վրա։ Այն նոր եկամտի աղբյուր կարող է դառնալ հայալեզու բովանդակություն ստեղծողների, անկախ մեդիայի, փոդքաստների, կրթական և ժամանցային ալիքների համար։
Վերջին տարիներին հայկական YouTube տիրույթում նկատվում էր ակտիվ աճ՝ հատկապես քաղաքական մեկնաբանության, տեխնոլոգիական, ժամանցային և կրթական բովանդակության ոլորտներում։ Սակայն մոնետիզացիայի բացակայությունը սահմանափակում էր շատ հեղինակների հնարավորությունները՝ բովանդակության ստեղծումը վերածելու կայուն գործունեության։
Ծրագրի գործարկումը նաև կարող է խթանել ավելի շատ որակյալ հայալեզու բովանդակության ստեղծումը և նպաստել, որ հայկական լսարանը ավելի մեծ չափով սպառի տեղական արտադրության թվային բովանդակություն։
Կազմակերպություն
Հասանելի է
english










