Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Հայտնում են Կառավարությունից։
Կառավարության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության և Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներ։
Գրիգորյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը կազմակերպելու համար՝ ընդգծելով դրա կարևոր ձեռքբերումներից մեկի՝ ԹՐԻՓՓ նախագծի հետևողական իրականացման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել և համաձայնեցրել են նախագծի իրականացմանն առնչվող գործառնական և իրավական հարցեր։ Հանդիպմանը փոխվարչապետը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունն ու հնարավորությունները։












