Գլխավոր Լրահոս

Մոսկվան դեմ է TRIPP-ին. ՌԴ-ն ահազանգում է, Երևանը՝ հիշեցնում ինքնիշխանության մասին

Մոսկվան դեմ է TRIPP-ին. ՌԴ-ն ահազանգում է, Երևանը՝ հիշեցնում ինքնիշխանության մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը խիստ քննադատության է ենթարկել ամերիկյան մասնակցությամբ «Թրամփի երթուղի» (TRIPP) ենթակառուցվածքսյին ծրագիրը՝ զգուշացնելով Հայաստանում ամերիկյան «պետություն պետության մեջ» ստեղծելու վտանգի մասին։ Այս հռետորաբանությունը կտրուկ հակադրվում է ոչ միայն պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, որը բացառում է որևէ արտատարածքային միջանցքի գոյություն, այլև բուն Ռուսաստանի նախկին մոտեցմանը, երբ Մոսկվան դրական էր տրամադրված և ցանկանում էր անմիջական մասնակցություն ունենալ այս նախագծին։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի համոզմամբ՝ երթուղու նկատմամբ վերահսկողության միջոցով Միացյալ Նահանգները կարող է Հայաստանում տեղակայել «մասնավոր ռազմական ընկերություններ և հետախուզական ենթակառուցվածքներ»։

«Պետք է նկատի ունենալ, որ ստեղծվող ամերիկահայկական ընկերությանն է տրվելու ճանապարհի ողջ երկայնքով անվտանգության ապահովումը, մինչդեռ հայկական կողմն իրականացնելու է սահմանապահ և մաքսային հսկողություն»,- ՌԲԿ-ի հաղորդմամբ ընդգծել է Շևցովը՝ հավելելով, որ դա, ըստ ՌԴ-ի, կասկածի տակ է դնում ողջ երթուղու և փոխադրումների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ ռուսաստանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Թրամփի երթուղի» հայ-ամերիկայն համատեղ նախագծում Երևանի մասնաբաժինը կազմելու է 26%՝ ամերիկյան 74%-ի դիմաց, ինչը նշանակում է, որ հայկական կողմը չի ունենա վերահսկիչ փաթեթ։

Շևցովը ծրագիրը որակել է որպես «դասական հետգաղութային մոդել»՝ նշելով, որ հաշվի առնելով Հորմուզի նեղուցը փակելու փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի «հուսալիությունը խիստ կասկածելի է թվում»:

Հիշեցնենք, որ TRIPP նախագիծը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2025 թվականի օգոստոսին, նպատակ ունի Հայաստանի տարածքով կապել Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ ապագայում նաև Կենտրոնական Ասիան Եվրոպային՝ խթանելով տարածաշրջանային առևտուրը։ 2026 թվականի մայիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի շրջանակներում կողմերը նախաստորագրեցին, իսկ շաբաթներ անց ստորագրեցին TRIPP շրջանակային համաջայանգիրը։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս գործընկերությունը Բաքվին կապահովի Նախիջևանի հետ կապով՝ «լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը»։

Հատկանշական է, որ ռուսական կողմի ներկայիս տագնապալի հայտարարությունները տրամագծորեն տարբերվում են Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումից։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ համաձայնագրով որևէ արտատարածքային միջանցք կամ ՀՀ օրենսդրությունից դուրս գործող կառույց չի ստեղծվելու։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ նախագիծը, ներառյալ ճանապարհային ու հեռահաղորդակցային ենթակառուցվածքները, գործելու է բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության և օրենքների ներքո։

Ավելին, Մոսկվայի այսօրվա դիրքորոշումն ակնհայտորեն հակասում է իր իսկ նախկին մոտեցումներին, երբ Ռուսաստանը բավականին բարեհաճ էր վերաբերվում TRIPP-ին և անգամ քայլեր էր ձեռնարկում նախագծին մասնակցություն ունենալու ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում