Հայաստանում մեկնարկում են TRIPP նախագծի տեղանքի հետազոտման աշխատանքները. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակմամբ ժամանած AECOM ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով TRIPP նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:
TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) կամ «Թրամփի ուղին» հաղորդակցության հայեցակարգի նախագիծ է, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համատեղ հռչակագրով: Այն նախատեսում է Սյունիքի տարածքով ճանապարհի, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։












