Գլխավոր Լրահոս

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն Ադրբեջանի բանտից ձայնային հաղորդագրություն է ուղարկել ընտանիքին։ Հրապարակված հաղորդագրության մեջ Բաբայանը հայտնում է, որ անհետացել են իրենց բողոք նամակները, որով նրանք դիմել էին վերաքննիչ դատարան՝ վերանայելու իրենց շինծու դատավճիռները։

«Ստիպված ևս մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը, հետևաբար չի բացառվում, որ թույլ չտան, որպեսզի ես դիմումներս ներկայացնեմ վերաքննիչ դատարան։ Մենք  ուզում ենք դիմել միջազգային դատարան»,- ասել է Բաբայանը։

Բաքվի դատարանը Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկման է դատապարտել։  Ադրբեջանը Բաբայանին և Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Դավիթ Բաբայանը հայտնել է, որ ապրիլի 21-ին մեկուսարանից բանտ տեղափոխվելուց առգրավվել է նաև դատարանում իր վերջին ելույթները։

Արցախի նախկին ԱԳ նախարարը դիմելով հայությանն ու բարի կամքի մարդկանց՝ կոչ է անում պահանջ ներկայացնել, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատարանի վերջին ելույթները փոխանցվեն հայերին։  

«Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ 

Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են, չեք պատկերացնում, և այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է՝ ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի»,- ասել է Բաբայանը։ 

Բաբայանը նշել է, որ այնքան շատ չարաշահումներ են եղել Ադրբեջանի դատարանում, որ նույնիսկ որոշ փաստաբաններ դրա մասին նշել են, արդյունքում արժանացել մյուս ադրբեջանցիների քննադատությանը։ Դատարան բերված «վկաներն» անգամ Դավիթ Բաբայանի անունը չեն իմացել, և Վիտալի Բալասանյանի անունով են դիմել նրան։

«Մի վկա, որ ինձ առաջինը ճանաչեց չակերտներում, դա այն էր, որ նա ինձ ասեց, որ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ, խոշտանգում էիր, այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։  Մյուսը, որ ինձ ճանաչեց, էլի չակերտներում, մի մարդ էր, որ ասում էր, որ ես իրեն խոշտանգում էի 1994-ի ձմռանը և ասում էր՝ չես փոխվել առհասարակ, հասակդ երկու մետր նույնն է,  ոսկե գույն մորուքով, բեխերով և մազերով, ոչ մի ձևով չես փոխվել»,- պատմել է Բաբայանը։

Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում